Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաջորդ շաբաթ`մայիսի 20-21-ին, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Բացի այդ, Կոբիան նշել է, որ Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը նույնպես պատրաստվում է այցելել Ադրբեջան: Առայժմ, սակայն, նրա այցի ժամկետը հայտնի չէ, քանի որ Էշթոնի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է:
Հունիսի սկզբին Ադրբեջան կայցելի ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Միրոսլավ Լաշեկը, որն էլ կնախապատրաստի Էշթոնի այցը:
Հիշեցնենք, որ Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլի վերջին Երևանում հայտարարեց, որ մայիսին Եժի Բուզեկը, իսկ ավելի ուշ` Քեթրին Էշթոնը ժամանելու են Երևան: