Ռուսաստանի քաղաքական դաշտում ավելի են նշմարվում իշխանական ճամբարում եղած հակասությունները: Այսօր հայտնի է դարձել, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախապատրաստվում է 2011թ. հուլիսին երիտասարդական հավաք անցկացնել Լիպեցկ քաղաքում: «Երիտասարդ գվարդիա» կառույցը, որն իշխող կուսակցության երիտթևն է, հայտարարել է, որ սա Պուտինի կողմից առաջարկված «Ժողովրդական ճակատի» երիտասարդական թևի հավաքն է:
«Երիտասարդական գվարդիան» այս հավաքին հրավիրել է նաև վարչապետ Վլադիմիր Պուտինին: Ավելի վաղ երիտասարդները հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության համար ներկայացնել 100 անուն, որոնց ընտրելու են Լիպեցկում կայանալիք հավաքի ժամանակ:
Այս տարի Ռուսաստանում տեղի կունենա ևս մեկ մեծ երիտասարդական հավաք, որն անցկացվում է վերջին երկու տարիների ընթացքում և համարվում է նախագահ Մեդվեդևի նախաձեռնությունը: Երկու առանձին նմանատիպ հավաքների անցկացումը ռուսական մամուլում կրկին քննարկվում է Պուտին-Մեդվեդև հակասությունների համատեքստում: