Ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքում է հայտնվել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի անձնական նոթատետրը: Այն հաջողվել է Աբոթաբադի նրա տնից ձեռք բերել Բեն Լադենի ոչնչացման ժամանակ: Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
France Presse գործակալության տեղեկություններով` խոսքը նոթատետրի, այլ ոչ թե օրագրի մասին է: Ոչ մի անձնական բան նրանում չկա, նաև հնարավոր չէ այդ գրառումներից պարզել, թե որտեղ է եղել Բեն Լադենը և ինչով է զբաղվել:
Ըստ նույն աղբյուրի` այդ նոթատետրում Բեն Լադենը գրառել է գաղափարներ ապագայում կազմակերպվելիք ահաբեկչական ակտերի մասին: Հենց դրանում է նշված եղել գնացքների և ինքնաթիռների պայթեցման և առևանգման մտահղացման մասին. այդ տեղեկությունները ամերիկացիները հայտնել էին անցած շաբաթ` չնշելով աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 1-ին Պակիստանի Աբոթաբադ քաղաքի իր տանը: