Ռուսական «Կոմերսանտ» թերթին հաջողվել է պարզել, թե ով է մատնել ԱՄՆ-ում ռուս լրտեսներին: Լրագրողների բացահայտումները կարող են հսկայական տեղաշարժերի պատճառ դառնալ Ռուսաստանի ամենաբարձր իշխանական ատյաններում: Ըստ հրապարակման՝ ռուս պաշտոնյաները հետեւողականորեն թաքցնում են ռուս լրտեսներին ամերիկացիներին հանձնած դավաճանի անունը: Որպեսզի ավելորդ անգամ չջղայնացնի Մոսկվային, գործակալի անունը չի հրապարակում նաեւ ամերիկյան կողմը: Թերթի լրագրողներին, սակայն, հաջողվել է պարզել, որ դավաճանը Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության բարձրաստիճան սպա, «Ս» անունը կրող ամերիկյան բաժնի վարիչ գնդապետ Շերբակովն է: Դավաճանը լքել է Ռուսաստանը այդ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ հունիսին ԱՄՆ կատարած այցից երեք օր առաջ: Ռուսական հատուկ ծառայությունները Շերբակովի դավաճանությունը հասցված վնասի չափերով աննախադեպ են գնահատում: