Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ ինքը թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես հրաշալի է պատրաստվել մայիսի 14-ին Կալիֆոռնիայում կայանալիք Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ` Անդրե Ուորդի հետ մենամարտին: Այս մասին տեղեկացնում է Fightnews-ը:
«Երբ ես առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի Թեյլորին, բոլորը միաբերան պնդում էին, որ ես ողջ մրցաշարի ֆավորիտն եմ: Այժմ արդեն Ուորդի աստեղային ժամն է, սակայն մինչև շաբաթ օրը: Այդուհետ բոլոր քարտերը խառնվելու են: Սրանում է կայանում բռնցքամարտի գեղեցկությունը: Մեկ ծեծը կարող է ամեն ինչ փոխել:
Ես լավ մարզավիճակում եմ: Փետրվարին Բոժիչի հետ մարտն ինձ օգնեց մնալ լավ մարզավիճակում: Իմ մարզիչ Ուլի Վեգների հետ մենք լավ մարտավարություն ենք մշակել: Ես շատ ավելի ակտիվ պետք է գործեմ, քան նախորդ անգամ և հենց սկզբից ճնշում գործադրեմ Ուորդի վրա, մինչև նրա ընկնելը: Եվ ես կանեմ դա:
Այս մարտն իսկապես ճակատագրական է: Այն ինձ համար ամեն ինչ է: Ես ցանկանում եմ իմ երկրպագուների աջակցությամբ դուրս գալ Super Six մրցաշարի եզրափակիչ ու Շմելինգից հետո դառնալ Գերմանիան ներկայացնող առաջին բռնցքամարտիկը, ում հաջողվել է տիտղոս նվաճել ԱՄՆ-ում: Սա մի բան է, որը ժողովուրդը երկար կհիշի»,- ասել է Արթուր Աբրահամը: