Հատուկ տեխնիկայի RETTmobil ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Գերմանիայում մայիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, Mercedes-Benz ընկերությունը կցուցադրի շտապ օգնության կոնցեպտուալ մեքենա, որը կառուցված է SLS AMG մակնիշի սուպերմեքենայի հենքի վրա:
Նորամուծությունը կստանա համապատասխան գունավորում և լուսային ազդանշաններ, սակայն, ամենայն հավանականությամբ, կմնա միայն որպես շոուի համար նախատեսված մեքենա, որը ստեղծվել է հասարակության ուշադրությունը գրավելու համար:
Mercedes-Benz SLS AMG սուպերմեքենան ունի 571 ձիաուժ հզորությամբ 6.2 լիտր աշխատանքային ծավալով և 8 մխոցանի բենզինային շարժիչ, երկու կցորդով ավտոմատ փոխանցման տուփ: Այսպիսի շարժիչով հնարավոր է 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 3,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է մինչև 315 կմ/ժ:
Mercedes-Benz SLS AMG կուպեն ապագաղտնիացվել է 2009 թ.-ի աշնանը, իսկ այս տարվա մայիսի սկզբին ընկերությունը ցուցադրել է նախասերիական մակնիշը: Մեքենան ունի փափուկ տանիք, որը հավաքվում է 11 վայրկյանի ընթացքում և կարելի է բացել կամ փակել մինչև 50 կմ/ժ արագության ժամանակ: Բացի այդ, մեքենան կունենա ոչ թե դեպի վեր բացվող դռներ` «ճայ թևերի» տեսքով, այլ սովորական` դեպի դուրս բացվող դռներ:
Mercedes-Benz SLS AMG սերիական տարբերակը կցուցադրվի 2011 թ.-ի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում: