Business Грузия-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկներին հրապուրելու համար հնարավոր է՝ այս տարի Բաթումում բացվի նուդիստական լողափ: Այս մասին հայտարարել է Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության Բաթումի մասնաճյուղի ղեկավար Դավիթ Ռոբակիձեն.
«Բաթումի քաղաքապետարանն արդեն իսկ նմանատիպ որոշում է կայացրել: Պլանավորված է նուդիստական լողափեր բացել Մախինջաուրիում, Կանաչ հրվանդանի տարածքում և Գոնիոյին հարակից ծովափում:
Այդպիսի լողափի բացումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դրան իրենց համաձայնությունը տան Բաթումի բնակիչները, սակայն քաղաքապետարանն ու քաղաքային խորհուրդն այս հարցում հաշվի չեն նստում բնակչության հետ և մոտ ապագայում բացելու են այդ լողափը»:
Այս տեղեկատվությունը կտրականապես հերքում է Բաթումի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Կիրտաձեն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի զբոսաշրջության զարգացումը: