«Խորհրդարանական վեհաժողովը մի մարմին է, որն իր ամբողջ ցանկությամբ անգամ դժվար թե կարողանա ազդել հակամարտության կարգավորման իրական ընթացքի վրա»,- խոսելով Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում ԼՂ հարցի ընդգրկման մասին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Վլասովը:
Նրա գնահատմամբ, ցանկացած եվրոպական կառույցի հարթակը ԼՂ հարցի քննարկման համար օգտագործելը տեղեկատվական պատերազմների շարունակություն է` և ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ նաև այն երկրների միջև, որոնք հանդիսանում են խնդրի կարգավորման միջնորդներ:
«Լավ է, որ կա ևս մեկ հարթակ ԼՂ հարցի քննարկման համար, բայց նման քննարկումներից ինչ-որ առաջընթացի սպասելը միամտություն է»,- նկատեց Վլասովը` հավելելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ին մասնակցում են և՛ հակամարտության կողմերը, և՛ ԵԱՀԿ անդամ երկրները, և՛ միջնորդները. «Բայց դե մենք տեսանք, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը ղարաբաղյան հարցում որևէ նոր բան չտվեց և, կարծում եմ, որ Բելգրադի նստաշրջանը ևս որևէ էական բան չի փոխի: Փոփոխություն կարելի է ակնկալել միայն Երևանի և Բաքվի միջև ընթացող ուղղակի բանակցություններից, և հույս ունեմ, որ Մոսկվայի միջնորդական առաքելությունը ևս իր դերը ուշ թե շուտ կունենա»: