Մայիսի 11-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, գերմանականը` ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Պատրիցիա Ֆլորը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Կողմերը քննարկեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև քաղաքական երկխոսության, երկկողմ առևտրատնտեսական, մշակութային, հյուպատոսական և իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Աֆղանստանում հայ-գերմանական զորամիավորումների համագործակցությանը:
Գերմանական կողմի խնդրանքով ներկայացվեցին նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը հանգամանորեն քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը և հեռանկարները: Հատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Հայկական կողմը կարևորեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Համաձայնություն ձեռք բերվեց հայ-գերմանական հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Բեռլինում 2012թ.: