Միացյալ Նահանգների Արտահանման և ներմուծման (Export-Import) բանկը ապրիլին հաստատել է Ադրբեջանի կողմից արդիական արբանյակի ձեռք բերումը ֆինանսավորելու գործարքը:
Այս որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել ամերիկյան Կոնգրեսում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կմեծացնի Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պաշտոնական Բաքվի ագրեսիայի աճող սպառնալիքի պայմաններում: Նման գործարքներին խիստ ընդդիմանում է նաև ամերիկահայ համայնքը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ այդ արբանյակի ձեռք բերումը մեզ համար դեռևս վտանգ չի ներկայացնում, քանզի այն օգտագործվելու է որպես կապի համակարգ` այլընտրանքային կամ պահեստային կապուղիների ցանց:
Այդուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, ցանկացած բաձրակարգ տեխնիկայի ձեռքբերումը այս կամ այն կերպ հզորացնում է ադրբեջանական զինված ուժերը և պետք է լուրջ անհանգստություն պատճառի ցանկացած հայի:
Հարցին, թե Հայաստանն ինչպես կարող է հակակշռել Ադրբեջանի նման քայլերին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դրա դեմ պայքարելու միջոց, որպես այդպիսին, չկա: Միակ պայքարը նման արբանյակ ունենալն է, ինչի համար հայկական կողմերին գումար է անհրաժեշտ»: