Business Грузия-ի փոխանցմամբ, Թբիլիսիում ֆիզիկական անձինք այլևս հողահարկ չեն մուծի: Այպիսի որոշում է կայացրել Թբիլիսիի քաղաքային խորհուրդը (ձայների մեծամասնությամբ): Այդ նորման տարածվում է այն անձանց վրա, որոնք բնակվում են բազմաբնակարանային շենքերում և դրանց հարակից մասերում ունեն ավտոտնակներ կամ հողակտորներ:
Նշվում է, որ մինչ այդ Թբիլիսիի բնակիչները ստիպված էին լինում հարկեր վճարել 600 քառակուսի մետր հողատարածքի և 18 քառակուսի մետր ավտոտնակի համար:
Նոր ուղղումը վերաբերում է նաև ավտոտնակների այն սեփականատերերին, ովքեր դա գործածում են զուտ իրենց ավտոմեքենաների կայանման համար և չի տարածվում նրանց վրա, ովքեր ավտոտնակը գործածում են տնտեսական գործունեության համար:
Գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված` նոր ուղղման համաձայն, միմյանց են հավասարեցվել արոտավայրերն ու խոտհարքները, ինչպես նաև հարուստ ու աղքատ հողերը:
Մինչև 2004 թվականի մարտի 1-ը 5 հեկտար գյուղատնտեսական տարածք ունեցողներն այսուհետ ազատվում են հողահարկից: Բացի այդ, 5 տարով հարկերից կազատվեն բոլոր նրանք, ովքեր Թբիլիսիում կգնեն գյուղատնտեսական նշանակության հողեր: