Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորին, որն Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհդատվությունների մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը և առկա է հարաբերությունների հետագա ընդլայնման երկուստեք ձգտում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆլորը նշեց, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և այսօր մեկնարկած ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունները հենց այդ նպատակին են ուղղված:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, Հայաստան-ԵՄ համագործակցությունը և Ասոցացման Համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:
Դեսպան Ֆլորի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիցիա Ֆլորը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: