Եգիպտոսի իշխանությունները ծրագրում են մոտ ժամանակներս սիրիական ընդդիմությանը հանձնել շենքը, որում նախկինում տեղակայված է եղել պաշտոնական Դամասկոսի դիվանագիտական առաքելությունը: Այս մասին հայտնել է Եգիպտոսում սիրիական հեղափոխության համակարգման կոմիտեի փոխնախագահ Մուամին Կուաֆատիան՝ տեղեկացնում է Al-yaum al-sabiya կայքը:
Ինչպես նշել է Կաուֆատիան՝ այդ առնչությամբ ներկայում գաղտնի բանակցություններ են անցկացվում Եգիպտոսում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների և երկրի ղեկավարության միջև՝ ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի պաշտոնյաների մասնակցությամբ: Կուաֆատիան հավելել է, որ խոսքը մասնավորապես սիրիական ընդդիմադիր կոալիցիան որպես Եգիպտոսում սիրիացի ժողովրդի ներկայացուցիչ ճանաչելու մասին է:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հայտարարել էր սիրիական ռեժիմի հետ բոլոր հարաբերությունները խզելու, Դամասկոսից Եգիպտոսի դեսպանի հետկանչի, Կահիրեում Սիրիայի դեսպանատունը փակելու մասին: Նա նաև միջազգային հանրությանը կոչ էր արել Սիրիայում ոչ թռիչքային գոտի սահմանել:










































