Թուրքիայի բանտերում, հիմնականում Ստամբուլում և Ադանայում, ձերբակալվել է 400 ցուցարար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը: Ավելի վաղ CNN Turk-ը հաղորդել էր, որ կիրակի գիշերվանից շարունակվող ցույցերի հետևանքով ձերբակալվել է 105 մարդ:
Խոսելով ոստիկանության նկատմամբ հարուցված հետաքննության մասին՝ Գյուլերը հայտարարել է, որ երեք դեպքերի հիման վրա որոշում է կայացվել ծառայությունից հեռացնել երկու ոստիկանների՝ Իզմիրում, և մեկ ոստիկանի՝ Ստամբուլում:
Նրա խոսքերով՝ ՆԳՆ-ը շարունակում է հետաքննել ոստիկանության կողմից ուժի չափից դուրս կիրառման դեպքերը: Բացի այդ, Գյուլերը հաղորդել է, որ նախարարությունը նախատեսում է նախաձեռնել դատական գործ սոցիալական ցանցերի օգտատերերի հանդեպ, որոնք անկարգությունների կոչ են անում և ապատեղեկատվություն են հրապարակում:
Հաղորդվում է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում առավոտյան եղել են թվով շատ քիչ ոստիկաններ, իսկ բնակչությունը քաղաքի կենտրոնով ազատ տեղաշարժվելու իրավունք է ստացել:









































