Ներկա պահին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ հարկերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Զեկույցով հանդես եկավ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա ասաց, որ այս հարցն արդեն մեկ քննարկում ունեցել է, և նշեց, որ օրենքի նախագիծը պետական բյուջեի նկատմամբ պարտք ունեցող կազմակերպությունների վրա արգելանք դնելու հարցն է նախատեսում:
Նախատեսվում է 30 օրվա ընթացքում արգելանք դնել այն կազմակերպությունների գույքի վրա, որոնք պետբյուջեի նկատմամբ 500 հազար դրամից ավելի պարտք ունեն` գույքի հետագա վաճառքը արգելելու նպատակով:
ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Գոհար Ենոքյանը, Արա Նռանյանը և Արծվիկ Մինասյանը մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնցից շատերն ընդունվել են։ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց նաև չընդունվածներից մեկը. «Չի ընդունվել 500 հազար դրամ պարտքի գումարը 3 միլիոն դարձնելու մասին առաջարկը, քանի որ, եթե 500 հազար դրամի պարտք ունեն, նոր միայն կարելի է արգելանք դնել, իսկ պատգամավորները առաջարկում են բարձրացնել շեմը 6 անգամ, ինչն ընդունելի չէ»: