Վրացական News georgia կայքի փոխանցմամբ, այսօր Վաշինգտոնում կայանում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում ստեղծված տնտեսական, առևտրային ու էներգետիկ հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ հանդիպումը կայանալու է համապատասխան գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով, և որ դա լինելու է այդ խմբի 4-րդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվելու է Վրաստանին հատկացվող ամերիկյան առկա և պլանավորված օգնության փաթեթների հարցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիան կնքվել է 2009 թվականի հունվարի 9-ին Վաշինգտոնում: Այդ խարտիայի շրջանակներում 2009 թվականի հունիսին ստեղծվեցին մի շարք ուղղություններով աշխատանքային խմբեր:
Խարտիան նախատեսում է երկու երկրների միջև ընդլայնել համագործակցությունն ու գործընկերությունը պաշտպանական անվտանգության, տնտեսական, էներգետիկ, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտական ու մշակութային ոլորտներում: