2013-2014 թթ. Volkswagen ընկերությունը կարտադրի հիբրիդային ավտոմեքենաներ, որոնք էլեկտրացանցից լիցքավորվելու հնարավորություն կունենան: Այս մասին հայտնել է ավտոարտադրող ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Մարտին Վինտերքորնը: Նրա խոսքերով, այս տեխնոլոգիաները կօգնեն պահպանել մեքենայի դինամիկությունը, կէժանանա նրա սպասարկումը, իսկ ինքը՝ մեքենան, կդառնա էկոլոգիապես ավելի մաքուր:
Հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրության և զարգացման տեխնոլոգիաները Վինտերքորնը անվանել է ավտոմոբիլաշինության ամենահեռանկարային ճյուղերից մեկը: Նա նշել է, որ այս ուղղությամբ պետք է աշխատեն մեքենա արտադրողները, էներգետիկները, գիտնականներն ու քաղաքական գործիչները:
Այս մասին 2010 թ. հայրենական մեքենաարտադրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի կառավարության ծրագրերով, 2020 թ. երկրում պետք է գրանցված լինի ավելի քան մեկ միլիոն էլեկտրամեքենա: Նմանատիպ մեքենաների նկատմամբ պահանջարկը բարձրացնելու համար կծախսվի մի քանի միլիարդ դոլար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Volkswagen ընկերությունը, 2018 թ. ծրագրվել է տարեկան արտադրել 300 հազար էլեկտրական և հիբրիդային մեքենաներ: Ներկայումս ընկերությունն արտադրում է երկու հիբրիդային մոդել` Touareg ամենագնացը և Jetta սեդանը: 2013 թ. ընկերությունը մտադիր է արտադրել երկու էլեկտրական մեքենա` կոմպակտ քաղաքային սեդան, որը ստեղծված է լինելու Up! Concept-car մոտիվներով, ինչպես նաև Golf հեչբեքի էլեկտրական տարբերակը: