Գերթեթև քաշային կարգում WBA, WBC, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Fightnews-ի հետ խոսել է Խորխե Արսեի մասին: Վերջինը շաբաթ օրը WBO չեմպիոնական թափուր գոտու համար պայքարում Վիլֆրեդո Վասկեսին հաղթելուց հետո մարտահրավեր էր նետել Վիկ Դարչինյանին:
«Ինձ թվում է՝ Խորխեն խելագարվել է. նա մարտահրավեր է նետել ինձ: Նա մտածում է, որ ես Վասկե՞սն եմ, որը կանգնել էր նրա առաջ ու ոչինչ չէր անում: Ես պատժելու եմ Խորխեին ավելի դաժան, քան նախորդ անգամ: Ես մտածում եմ, որ նա իսկապես ուժեղ էր Վասկեսից, բայց ինձ հետ մարտում նրան ոչ մի լավ բան չի սպասվում: Հաջորդ անգամ ես նրա հետ չեմ խաղալու. նրան նոկաուտի եմ ենթարկելու, դա կլինի 2011 թվականի նոկաուտը:
Ես չեմ սպասելու Մարեսին և Դոներին: Աբներ Մարեսը սպասում է Ագբեկոյի ապաքինմանը, Դոներն էլ միայն հատուկ պայմանգրով է ռինգ դուրս գալիս: Ես ակտիվ մնալու կարիք ունեմ: Ես ցանկանում եմ հուլիսին կամ օգոստոսին մարտ անցկացնել:
Ինձ չի հուզում` ով կլինի մրցակիցս: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և մենամարտել երկրպագուներիս համար: Եթե բոլոր չեմպիոնները հապաղեն, դա վատ կանդրադառնա մեր մարզաձևի վրա: Եթե ոչ ոք ինձ հետ չմենամարտի, ես կվերադառնամ սիրողական բռնցքամարտ: Ես պարզապես ցանկանում եմ կռվել և պահել մարզավիճակս: Ահա թե ինչու ընդունեցի Արսեի նետած մարտահրավերը:
Նա նմանություն էլ ունի ինձ հետ. երկուսս էլ կռվում ենք մեր երկրպագուների համար: Ես պարզապես ուզում եմ Խորխեին ասել, որ մի բան է կանգնել տեսախցիկի առջև ու ամպագոռգոռ հայտարարություններ անել, բոլորովին այլ բան է ռինգում ինձ հետ միայնակ լինել: Խոստանում եմ նրան և իմ բոլոր երկրպագուներին, որ պատժելու եմ նրան՝ դաժան ծեծի եմ ենթարկելու և վերջ եմ դնելու նրա կարիերային»,- ասել է հայ բռնցքամարտիկը: