Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շևարդնաձեն ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին խորհուրդ է տվել շնորհակալական նամակ հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին` մայիսի 9-ի կապակցությամբ վրաց ժողովրդին շնորհավորելու համար.
«Եթե ես լինեի Սաակաշվիլիի փոխարեն, անարձագանք չէի թողնի վրաց ժողովրդին ռուս նախագահի շնորհավորական ուղերձը և Հաղթանակի օրվա կապակցությամբ կշնորհավորեի ռուս ժողովրդին, իսկ նախագահ Մեդվեդևին անձամբ շնորհակալություն կհայտնեի»:
Հիշեցնենք, որ մի ամիս առաջ էլ Շևարդնաձեն Սաակաշվիլիին խորհուրդ էր տվել անձնական հանդիպում խնդրել Մեդվեդևից. «Դա Վրաստանի խնդիրների լուծման միակ ճանապարհն է: Ռուսաստանը շատ ազդեցիկ երկիր է, որպեսզի որևէ մեկը կարողանա նրա վրա ճնշում գործադրել` հօգուտ Վրաստանի:
Անգամ Հաագայի դատարանը չցանկացավ քննել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը: Դա ևս մեկ անգամ խոսում է աշխարհի վրա Մոսկվայի ունեցած ազդեցության մասին, և Վրաստանը ստիպված պիտի լինի հաշտվել դրա հետ:
Եթե ես լինեի Վրաստանի նախագահը, ապա կմեկնեի Մոսկվա և ամեն գնով կհասնեի Մեդվեդևի հետ անձնական հանդիպման: Ես Ռուսաստանը չէի լքի այնքան ժամանակ, քանի դեռ չէր կայանա այդ հանդիպումը»: