Վրացական Georgia times կայքի փոխանցմամբ, Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ղեկավար Բորիս Ատոևը վրացական հատուկ ծառայություններին մեղադրել է օսական տարածքում ահաբեկչությունների կազմակերպման մեջ.
«Հարավային Օսիայում վրացական դիվերսիոն խմբերի գործունեությունն ուղղված է երկրի իրավիճակի ապակայունացմանը: Դեռևս 2008 թվականի օգոստոսյան պատերազմի նախաշեմին Վրաստանի հատուկ ծառայությունները մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացրին Հարավային Օսիայի տարածքում: Դրանց արդյունքում զոհվեցին անմեղ մարդիկ, այդ թվում՝ դեռահասներ:
Անգամ պատերազմի ավարտից հետո վրացական հատուկ ծառայություններն ահաբեկչություն իրականացնելու փորձեր են ձեռնարկել, որոնք մենք կանխել ենք մեր ռուս գործընկերների օգնությամբ:
Այժմ վրացական կողմը չի խորշում տեղական բնակչությանը շանտաժի ենթարկելուց, որպեսզի նրանց ներգրավի ապօրինի գործողությունների մեջ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուս փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարեց, որ Վրաստանը կարող է հերթական ռազմական հակամարտությունը սանձազերծել Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեմ` ընդգծելով, որ Սաակաշվիլին պատերազմի վերսկսման հարմար առիթի է սպասում: