Կանադայի Ալբերտա նահանգում հրդեհները շարքից հանել են երկրի բոլոր նավթարդյունահանող հզորությունների մոտ մեկ երրորդը և հանգեցրել մի շարք խողովակաշարերի փակման: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության հաշվարկով՝ նավթարդյունահանող նախագծերի ընդհանուր հզորությունը, որոնք կանգնեցվել են հինգշաբթի կրակի տարածման պատճառով, օրական կազմել է մոտ 640 հազար բարել: Մասնավորապես, ConocoPhillips-ը դադարեցրել է գործունեությունը Surmount նախագծի շրջանակներում և տարհանել անձնակազմին: Nexen Energy-ն չորեքշաբթի հայտնել է Long Lake նախագիծը փակելու մասին:
Suncor Energy-ն նույնպես փակել է իր օրական 350 հազար բարել հզորությամբ հանքավայրը:
Royal Dutch Shell-ը դադարեցրել է Muskeg River և Jackpine նավթային նախագծերի մշակումը, որոնք ընդհանուր առմամբ օրական արտադրում են 255 հազար բարել: Husky Energy ընկերությունը 3 անգամ նվազեցրել է արդյունահանումը Sunrise հանքավայրում:
Connacher Oil and Gas-ը, Syncrude նախագիծը նվազեցրել են գործունեության ծավալները:
Enbridge խողովակատար ընկերությունը գործունեությունը դադարեցնելու գործընթաց է սկսել:
Inter Pipeline Lt-ն դադարեցրել է մղումը Corridor խոշովակաշարով Shell ընկերության օբյեկտներից և մասամբ փակել Polaris խողովակաշարը:
Ալբերտայում հրդեհների տարածքն ավելացել է մինչև 85 000 հա՝ հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Իշխանությունների տեղեկությամբ՝ Ալբերտայում հրդեհի 49 օջախների մարման գործողությանը ներգրավված են ավելի քան 1110 հրշեջ, 145 ուղղաթիռ, 138 միավոր ծանր տեխնիկա և 22 ինքնաթիռ-ցիստեռն:
Նշվում է, որ անտառային հրդեհները կարող են ապահովագրական ընկերություններին արժենալ ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար՝ կազմելով ամենամեծ փոխհատուցումը բնական աղետներից երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով BMO Capital Markets-ի ուսումնասիրությանը:










































