Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման մամլո քարտուղար Սալահ Բարդավիլը հայտարարել է, որ իր շարժումն ավելի շուտ կպայքարի Իսրայելի դեմ, քան Իրանի կամ «Հըզբոլլահ»-ի՝ հաղորդում է 1news.az-ը:
Նրա խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ 2012թ. սկզբին ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է Դամասկոսում գտնվող իր շտաբ-գրասենյակից, կազմակերպությունը չի խզել իր հարաբերությունները Սիրիայի հովանավորի՝ Իրանի հետ:
«Ես չեմ կարող ասել, որ Իրանի հետ հարաբերությունները խզվել են, սակայն դրանք տուժել են»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը՝ Շարք Ալ-Ասուատ սաուդական թերթին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով Իրանի և «Հըզբոլլահ»-ի միջամտությունը սիրիական հակամարտությանը:
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը հետաքրքրված չէ պատերազմ հայտարարելով Իրանի կամ «Հըզբոլլահ»-ի դեմ, իրենց միակ պատերազմը Իսրայելի դեմ է:
Բարդավիլի կարծիքով՝ «Հըզբոլլահ»-ը լուրջ սխալ է թույլ տվել՝ օգնելով Սիրիայի վարչակարգին, որի պատճառով կկորցնի անվտանգությունը, քանի որ դա կասկածի տակ է դնում նրա դերը՝ որպես Իսրայելին դիմադրող կուսակցություն:
Բարդավիլը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները «Հըզբոլլահ»-ին պե՞տք է ներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ ասելով, որ ՀԱՄԱՍ-ը զգայուն է «ահաբեկչություն» բառի կիրառման հանդեպ, քանի որ այն Արևմուտքում նույնպես համարվում է ահաբեկչական կազմակերպություն:









































