Բեռնատարի վարորդ և մեխանիկ Կոդի Շեֆերի 10-ամյա որդին՝ Թայլեր Շեֆերը, Միսուրի նահանգի Կանզաս սիթի քաղաքի հյուրանոցի համարում ստուգելով դարակները՝ հայտնաբերել է 10.000 դոլար: Գումարը նրանք փոխանցել են ոստիկանությանը:
Կոդի խոսքով՝ իր որդին՝ Թայլերը, միշտ առանձնացել է խուզարկուի ունակություններով:
«Նա ուշադրություն է դարձնում ամենամանր բաների վրա: Անընդհատ ինչ-որ ապացույցներ կամ գանձեր է որոնում: Թայլերը շատ ուշադիր տղա է»,- ասել է տղայի հայրը:
Հայրը պատմել է, որ համար բարձրանալուց հետո երեխան սկսել է ստուգել դարակները և հայտարարել է, որ փող է գտել: Սկզբում հայրը կարծել է, թե երևի մանրադրամ է, բայց հետո համոզվել է, որ 10.000 դոլար է: Շեֆերը դիմել է ոստիկանություն: Հյուրանոցում չեն կարողացել ասել, թե ում է պատկանում գումարը, իսկ ոստիկանությունում հաղորդել են, որ իրենց ոչ ոք չի դիմել գումար կորցնելու կապակցությամբ:
Համաձայն Միսուրիի օրենքների՝ գումարը կարող է բաժին հասնել Շեֆերներին, եթե յոթ ամսվա ընթացքում ոչ ոք չդիմի ոստիկանություն և չապացուցի, որ գումարը իրենցն է:











































