Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը շնորհավորում է ամբողջ հայ ժողովրդին հաղթանակի տոնի առթիվ:
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց քաղաքական ուժերը չկարողացան այնպես անել, որ դա ֆիքսվի որպես հաղթանակ: Հաջողվեց միայն զինադադարի հասնել, որը ևս իրական չէ, ինչպես գիտենք»,- փաստում է Հովհաննես Հարությունյանը:
Այնուամենայնիվ, Հ. Հարությունյանը լավատեսորեն է տրամադրված. «Ժողովուրդը ներուժ ունի ձեռք բերված հաղթանակը մինչև վերջ տանելու, քաղաքական դաշտում որպես անբեկանելի փաստ ընդունելու»:
Ներկա իրավիճակը վերլուծելով` երկրապահը կարծիք է հայտնում, որ ազատամարտի հերոսները պատշաճորեն չեն գնահատվում: «Իհարկե, նրանք, ովքեր կռվել են այդ ազատամարտում, չեն ակնկալել որևէ պարգև կամ փոխատուցում, սակայն նրանց պետք է ըստ արժանվույն գնահատենք: Նրանց հերոսական պատմություններով պետք է դաստիարակվի նոր սերունդը»,- համոզված է Հովհաննես Հարությունյանը: