Թուրքիայի հասցեին ԵՄ առաջնորդների խիստ քննադատություններից և Եվրախորհրդարանի՝ Անկարայի վերաբերյալ քննադատական զեկույցից հետո գերմանական հեղինակավոր Die Welt թերթը Թուրքիայի անհավասարակշիռ նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է «կլինիկական պատահար»:
Անդրադառնալով միջազգային հարթակում Թուրքիայի դրության և Էրդողանի վարած ներքին և արտաքին քաղաքականության հարցերին, գերմանացի լրագրող Ուլրիխ Քինզլեն թերթում գրել է. «Էրդողանը կլինիկական պատահար է: Վիրավորանքի համար 2 հազար մարդու դեմ դատական գործ բացած անձը խելքը թռցրած պետք է լինի»:
Թերթը գրել է, որ Քինզլեն Էրդողանին «նեո-սուլթան» է բնութագրել:
«Ինչպես երևում է` գերմանացի լրագրողը չի վախենում ընդգրկվել Էրդողանի դատական գործ բացած երկու հազար մարդկանց ցուցակում», -գրել է թերթը:
Թերթը հայտնել է, որ այսօրվա պայմաններում անհնար է խոսել Թուրքիայում ժողովրդավարության մասին, քանի որ այդ երկրում ձերբակալված լրագրողների թիվը շատ ավելի մեծ է աշխատանքի ընդունված լրագրողների թվից: