«Բոլոր տեսակի խորհուրդները մեր երկրում այս ռեժիմի օրոք խեղաթյուրվեցին, հավասարվեցին հողին»,- անդրադառնալով Շուշիի ազատագրման օրվա խորհրդին` «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:
Նա հիշեց, թե ինչպես 90-ականներին բոլորն իրենց տանը եռագույն դրոշներ ունեին, օրհներգն էին երգում, և այդ ամենը սրբություն էր համարվում. «Բայց այդ ամենը արժեզրկվեց, այս ռեժիմը արժեքները գցեց ոտքի տակ: Այս ռեժիմի իշխանավարման տարիների ընթացքում նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ժողովրդին վարժեցնեն այլանդակություններին, դարձնեն հնազանդ և անարժեք»:
Մալխասյանի խոսքերով, երբ քայլում ես փողոցով պարզ է դառնում, որ որևէ մեկին հետաքրքիր չէ, թե Շուշիի ազատագրման կամ Հայոց բանակի օրը երբ է. «Մարդիկ այդ ամենի հանդեպ անտարբեր են դարձել: Մենք` զինվորականներս, հաղթեցինք պատերազմում, բայց պարտություն կրեցինք մեր հասարակության մեջ, և այդ պատճառով այդ տոնն արժեզրկվել է»:
Մալխասյանը նաև շեշտեց, որ հարյուրավոր ազատամարտիկներ այսօր սոված են կամ էլ Ռուսաստանի հարուստների մոտ բանվորություն են անում, որպեսզի մի կտոր հաց վաստակեն: