
Գլենդելում հինգշաբթի կկայանա Հայոց ցեղասպանության մասին նոր փաստագրական ֆիլմի պրեմիերա՝ հայտնում է Glendale News Press-ը։
Ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմը հետևում է հայ ռեժիսորի և թուրք կնոջ ճամփորդությանը, որոնց կյանքի վրա իր ազդեցությունն է ունեցել Ցեղասպանությունը։
Պրեմիերան կկայանա MGN Five Star Cinema-ում։ Ցուցադրությունները կշարունակվեն մինչև ապրիլի 28-ը։
«Մեզ համար կարևոր էր ստեղծել փաստագրական ֆիլմ, որը անձնական պատմություն է այն մասին, թե ինչպես է պատմության ընթացք փոխած այս իրադարձությունն առայսօր ազդում մեզ վրա»,- ասել է Մկրտչյանը։
«Ֆիլմը պատրաստելով՝ ես հասկացա, որ տխուր իրողությունն այն է, որ Ցեղասպանությունը չի ավարտվել սպանությունների ավարտի պահին։ Ազդեցություններն իրականում շարունակվում են և անցնում սերնդեսերունդ»,- ասել է նա: