ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը շփոթել է Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ամսաթիվը: Այս մասին հայտնում է Huffington Post թերթը:
«Ես այնտեղ էի՝ ներքևում, և հետևում էի մեր ոստիկանությանն ու հրշեջներին հուլիսի 11-ին, ներքևում՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի մոտ հենց դրա փլուզվելուց հետո»,- հայտարարել է Թրամփը նախընտրական արշավի շրջանակներում ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաք այցի ընթացքում:
2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկիչները զավթել էին 4 ինքնաթիռ, որոնցից երկուսը մխրճվել էին Մանհեթենի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների մեջ, մեկն ուղղվել էր դեպի Պենտագոնի շենք, իսկ չորրորդն ընկել էր Փենսիլվանիայի դաշտերից մեկում: Ահաբեկչությունների զոհ է դարձել 2974 մարդ, ևս 24-ը անհետ կորել են:









































