Երեկ՝ ապրիլի 15-ին, News.am-ի խմբագրությունը բաց նամակ էր հղել ՀՀ պաշտպանության նախարարին ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստի լուսաբանման ժամանակ լրագրողի մասնագիտական պարտականությունը խոչընդոտելու կապակցությամբ:
Ի պատասխան News.am-ի բաց նամակին՝ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատասխանել է. «Ըստ էության, տեղի է ունեցել թյուրիմացություն, որի առիթով հայտնում ենք մեր ափսոսանքը: Եթե որևէ զինվորական անհարգելի վերաբերմունք է դրսևորել լրագրողի հանդեպ, ներողություն եմ խնդրում:
Կարծում եմ՝ News.am-ի խմբագրակազմի հետ մինչ այժմ որևէ խնդիր չի եղել, և չէր էլ կարող պատահել, որ որևէ մեկը նման հատուկ հրահանգ տար: Իրավիճը հնարավոր է հարթել քաղաքակիրթ ճանապարհով՝ շարունակելով պահպանել գործընկերային բարեկիրթ հարաբերություններ: News.am-ի խմբագրակազմից ակնկալում ենք, որ կպահպանվեն մինչ այժմ եղած բարձր մակարդակի գործընկերային հարաբերությունները»:










































