Երեկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով իշխող «Եդինայա Ռոսիա» տարածաշրջանային հավաքներից մեկի ժամանակ, ասել է, որ այդ կուսակցության հենքի վրա ստեղծվում է, այսպես կոչված, ժողովրդական ճակատ, ինչը թույլ կտա ոչ կուսակցականներին ընդգրկվել նախընտրական ցուցակում և տեղ զբաղեցնել խորհրդարանում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Պուտինի խոսքերով, 2011 թ. դեկտեմբերի ընտրություններից առաջ անհրաժեշտ է միավորել այն մարդկանց, որոնք ունեն ակտիվ քաղաքական դիրքորոշում, սակայն ընդգրկված չեն որևէ քաղաքական ուժի մեջ: Համառուսաստանյան ժողովրդական ճակատի ցուցակում նա տեսնում է արհեստակցական, վետերանների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նա հատուկ շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է միասնություն, ինչը թույլ կտա ուժեղացնել երկիրը: «Սա գործիք է, որը թույլ կտա միավորել ոգով իրար մոտ քաղաքական ուժերը», ասել է վարչապետը: Ըստ Պուտինի` թեկնածուների ընտրությունը կավարտվի 2011 թ. օգոստոսին, իսկ սեպտեմբերին ցուցակները կհաստատվեն: