Թուրքական Անթալիայում ապրիլի 4-ից ընթացող «Tennis Organisation Cup» անվամբ և 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ ունեցող կանանց թենիսի մրցաշարում Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը բավականին հաջող էր ելույթ ունեցել զուգախաղում:
Հայ թենիսիստուհին մենապայքարում առաջին իսկ շրջանից հետո դուրս էր մնացել մրցաշարից (2:6, 1:6 հաշիվներով պարտվել է Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորիա Կուզմովային), սակայն զուգախաղում, որտեղ նրա խաղընկերուհին ռումինացի Դայանա Նեգրիանուն էր, բավականին հաջող էր հանդես եկել` դուրս գալով եզրափակիչ:
Ամիրաղյան-Նեգրիանու զույգը եզրափակչում պետք է մրցեր Հարիեթ Դարթ (Մեծ Բրիտանիա) – Վիկտորիա Տոմովա (Բուլղարիա) զույգի հետ ապրիլի 9-ին, սակայն եզրափակիչ խաղը չի կայանա:
Թենիսի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցաշարում հաղթող է ճանաչվել Դարթ-Տոմովա զույգը, քանի որ Ամիրաղյան-Նեգրիանու զույգը հրաժարվել է եզրափակիչ մրցախաղից: