Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Նարեկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանը նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով Ստեփան Հակոբյանի հետ միասին Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով՝ դրդել ու պատվիրել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը:
33-ամյաՆարեկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Սեդրակ Զատիկյանի սպանության փաստով քրեական գործը հարուցվել է 2006 թվականի հունիսի 22-ին՝ հենց պատվերով սպանության կատարման օրը:
Ըստ գործի նյութերի՝ 2006 թվականի հունիսին կազմակերպվել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը, պատվերի կատարումը ստանձնել է նախկինում դատված Արսեն Առուշանյանը:
Հունիսի 22-ին, ժամը 14-ն անց 45 րոպեի սահմաններում Արսեն Առուշանյանը «ԱԿՍ» ինքնաձիգով, շահադիտական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Սեդրակ Զատիկյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Մերսեդեսի» վրա:
Արդյունքում մեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը ու այդ պահին «Բանկի կռուգ» կոչվող խաչմերուկով անցնող պատահական անցորդ Կարինե Ս.-ն տեղում մահացել են:
Այս գործով 2007 թվականին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել Արթուր Հովհաննիսյանը և Լուսինե Ղևոնդյանը: Վերջինս արդեն ազատության մեջ է:
Այս գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանության անմիջական կատարման համար մեղավոր ճանաչված Արսեն Առուշանյանը, ով Նարեկ Խաչատրյանի գործով նույնպես վկայի կարգավիճակ ունի, նրան լսելու համար դատարանն արտագնա նիստ է անցկացրել կալանավայրում:
2007 թվականի՝ օրինական ուժ ստացած դատավճռում արդեն իսկ ամրագրված է, որ Զատիկյանի սպանությունը կատարվել է Լեդի Հակոբի եղբորորդի Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանի դրդմամբ:
Ստեփան Հակոբյանը 2013 թվականի դեկտեմբերի 9-ին դատապարտվել է 15 տարի ազատազրկման:
Ուժի մեջ մտած այս դատական ակտով ևս ապացուցված է համարվել, որ Ստեփան Հակոբյանը նյութապես շահագրգռել է Արսեն Առուշանյանին, դրդել, պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:
Ներկայումս դատարանի առաջ կանգնած է ըստ մեղադրանքի՝ երկրորդ պատվիրատուն՝ Նարեկ Խաչատրյանը, ով նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Շարունակվում է վկաների հարցաքննությունը:
Դատարանը դռնփակ պայմաններում հարցաքննում է այն երկու վկաներին, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածների կարգով որոշվել էր պաշտպանության միջոցներ իրականացնել:
Հարցաքննվել է վկա Գ.-ն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վկան պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Ըստ ուժի մեջ մտած դատական ակտում ամրագրվածի՝ վկա Գ.-ն գործի նախաքննության ժամանակ հայտնել է, թե 2006 թվականին ծանոթացել է Արսեն Առուշանյանի հետ:
2007 թվականի հունիսին Արսենը զանգել է իրեն, հանդիպել են Ջրվեժ կոչվող թաղամասում: Արսենը խնդրել է իրեն տանել Արամուս: Այնտեղ կանգնել են Արսենի մատնանշած տան մոտ, Արսենն իջել է մեքենայից, մոտեցել է դարպասներին, բայց տանը մարդ չի եղել: Երևան վերադառնալու ճանապարհին Արսենն անընդհատ զանգել է ինչ-որ մեկին, բայց չի կարողացել հետը կապ հաստատել:
Նույն օրը երեկոյան վկան Արսենին դարձյալ տարել է Արամուս՝ նույն տան մոտ, բայց տան դուռը նորից բացող չի եղել, նրանք վերադարձել են:
Արամուսում, ըստ գործի տվյալների, գտնվում էր Ստեփան Հակոբյանենց ամառանոցը…
Պաշտպանության միջոց է կիրառված նաև վկա Ա.-ի նկատմամբ, ով Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննության ժամանակ հայտնել է, թե ինքը երկար ժամանակ ճանաչել է Արսեն Առուշանյանին: Մի օր, երբ Արսենը խմած է եղել, իրեն պատմել է, թե 2006 թվականին ինքն է կատարել «բանկի կռուգի սպանությունը և սպանել է Սեդրակ Զատիկյանին»: Դրա հաջորդ օրը ինքը նորից հանդիպել է Արսենին ու հարցրել է նրան, թե ինչո՞ւ է սպանել Սեդրակ Զատիկյանին: Արսենը պատասխանել է, թե նրան «հասնում էր»: Դրանից հետո Արսենը իրենից խնդրել է իր բջջային հեռախոսը ու զանգահարել է Ահարոն անունով մի տղայի: Խոսակցության ժամանակ նա ասել է, թե իրեն խոստացված ամբողջ գումարը չեն տալիս, քանի որ Զատիկյանի փոքր տղային էլ չի խփել: Արսենն իրեն ասել է, թե Ահարոնն իրեն պիտի տար 100 հազար դոլար, բայց տվել է միայն 30 հազար դոլար:
Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը, ըստ քրեական գործի նյութերի՝ Նարեկ Խաչատրյանի հոր ընկերոջ՝ Ֆելոյի տղան է, ում, վկաներից մեկի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ հարմար են գտել Սեդրակ Զատիկյանի սպանությունը իրագործելու համար ու դրա դիմաց «հարմար թիվ են տվել»՝ ըստ պատվիրատուների:










































