Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավինը կարող է չմասնակցել Վորոնեժում կայանալիք ընկերական հանդիպմանը: Ընդ որում` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը պայման է դրել Արշավինի առջեւ, որի համաձայն` եթե Արշավինը մասնակցի ընկերական հանդիպմանը, ապա Վենգերը Արշավինին կնստեցնի փոխարինողների նստարանին:
Իսկ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այսպես է մեկնաբանելՎենգերի հայտարարությունը.
«Մենք տարբեր խնդիրներ ենք լուծում, նա ցանկանում է հաղթանակի հասնել Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունում, իսկ ես` Եվրոպայի առաջնությունում: Դրա համար մենք պիտի հարգենք իրար»:
Վենգերի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստան-Բելգիա հանդիպման հաջորդ օրը «Արսենալ»-ը լոնդոնյան դերբիում պիտի հանդիպի «Տոտնհեմ»-ի հետ: Եւ Վենգերի կարծիքով, եթե Արշավինը մասնակցի ընկերական խաղին, ապա նա չի կարողանա 100 տոկոսանոց մարզավիճակում գտնվել:
Ընդ որում` այսպիսի դեպք առաջին անգամ է պատահում, երբ Վենգերը որևէ ֆուտբոլիստի չի թույլատրում ազգային հավաքականի կազմում մասնակցել խաղին: