Կառավարությունն այսօր իր ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներով կանոնակարգել է կենսաթոշակների նշանակմանը, վերահաշվարկմանը, վճարմանն առնչվող հարաբերությունները` դրանով իսկ կատարելով 2011թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները և սահմանելով կենսաթոշակի նշանակման, աշխատանքային ստաժի հաշվարկման և բազմաթիվ այլ կարգեր ու ցանկեր։
Գործադիրը նաև որոշել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն` այն վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով։
Որոշումներից մեկով սահմանվել է, որ կենսաթոշակի վճարման ցուցակները 5 տարվա փոխարեն, պետք է պահպանվեն 10 տարի, ինչը հնարավորություն կտա կենսաթոշակի վճարման առնչությամբ ծագած խնդիրները կարգավորել նաև այդ ցուցակների օգնությամբ։