2016-ին գարնանային գիշերահավասարը՝ բնության ամենայուրօրինակ երևույթներից մեկը, տեղի կունենա մարտի 20-ին:
Այդ օրը Երկիրը՝ պտտվելով իր երևակայական առանցքի շուրջը, անցնելով բևեռներով, միաժամանակ շարժվելով արևի շուրջը, Արեգակի նկատմամբ գտնվում է այնպիսի դիրքում, որ արևի ճառագայթները ընկնում են հասարակածի վրա: Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, և այդ օրերին շատ երկրներում ցերեկը գրեթե հավասարվում է գիշերվան:
Գարնանային և աշնանային գիշերահավասարները համարվում են տարվա համապատասխան եղանակների աստղագիտական սկիզբ: Երկու համանուն գիշերահավասարների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է արևադարձային տարի: Արևադարձային տարում մոտավորապես 365.2422 արեգակնային օր կա: