«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ այսօր Հայաստանում ընդդիմություն և իշխանություն ընթացող երկխոսության «քավորն» ԱՄՆ-ն է: Մանուչարյանի գնահատմամբ` արտաքին աշխարհը Հայաստանում սկսել է տրանսֆորմացիոն գործընթացներ իրականացնել, որի նպատակն է հասնել փոփոխությունների: Գնահատելով ապագա խորհրդարանում ուժերի հարաբերակցության հնարավորությունը` Մանուչարյանը նկատեց. «երբ դու քավորությունը տալիս ես երկրից դուրս գտնվող ուժի, ապա այդ դեպքում պարզ չէ, թե ինչպիսին կլինեն զարգացումները»:
Այնուամենայնիվ, ըստ Մանուչարյանի` այսօր Հայաստանում ընթանում են դինամիկ գործընթացներ, ինչն էլ հնարավորություն է ստեղծում նոր ուժերի ի հայտ գալուն: Նա այդ ուժերը բաժանեց քաղաքական և արտաքաղաքական ոլորտների և նկատեց, որ քաղաքական դաշտում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք միտված են փոփոխությունների: Սակայն այս ուժերի հնարավորությունը կամ ցածր է, կամ էապես ավելի ցածր, քան Հայ ազգային կոնգրեսինը, սակայն կա արտաքաղաքական ուժերի մի դաշտ, որոնց հնարավորությունը հսկայական է և գերազանցում նաև ՀԱԿ-ի հնարավորությունները, սակայն դրանք դեռևս կազմակերպված չեն»: Աշոտ Մանուչարյանը նշեց. «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը,ինքը չի զարմանա, եթե 2012 թվականի պառլամենտում այսօրվա կոալիցիայի անդամ որևէ կուսակցություն չլինի»: