«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները:
Ստորև ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Խ. Ղալթախչյանը:
հ.9
գ.թ. 27-31
05.11.99
17.10-21.05 Հակոբյան Ռուբիկ Կարապետի
ԱԺ պատգամավոր
Քննիչ՝ Խ. Ղալթախչյան
գ.թ. 27.
Առաջադրված հարցերին պատասխանում եմ, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 9.30-ին եկել եմ ԱԺ: Մասնակցել եմ նիստերին,
գ.թ. 27. հ. երես
այնուհետև ժամ 15.30-ի սահմաններում դուրս եմ եկել ԱԺ շենքից՝ նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպելու Հովսեփ Աղաջանյանին (տնտեսագետ): ԱԺ վերադարձել եմ ժ. 16.30-ի սահմաններում, շտապում էի, հարց էի նախատեսել տալ կառավարությանը: Հարց ու պատասխանի ժամանակ հերթագրվեցի և հարց տվեցի: Այն վերաբերում էր բնապահպանության հարցերին, որին պատասխանեց նախարար Գ. Վարդանյանը: Ահաբեկիչների ներս մտնելու պահին կարծեմ վերջին մի քանի հարցերն էին մնացել: Այդ պահից հիշում եմ հետևյալը. աղմուկով դուռը բացվեց և մի երիտասարդ ներս մտավ նիստերի դահլիճ: Ձեռքի ավտոմատը ուղղելով առաջին շարքի նստածներին՝ բարձրաձայն հայհոյելով սկսեց կրակել նրանց ուղղությամբ՝ մասնավորապես Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Այնուհետև բոլորս թաքնվեցինք սեղանների տակ՝ ինքնապաշտպանական բնազդով: Կրակոցները շարունակվեցին ևս մի քանի րոպե (երևի 5-10 ր.) Այդ ընթացքում նաև շարունակաբար գոռում և հայհոյում էին, որից հետո սկսեցին պատգամավորների անուններ և կուսակցությունների անուններ տալ (Լեոնիդ Հակոբյան, Հայկ Բաբուխանյան, իմ անունը, Հմայակ Հովհաննիսյան, Մարտուն Մաթևոսյան, գուցե էլի անուններ տրվեցին: Կուսակցություններից՝ Կոմկուսի, Դաշնակցության, Միաբանության),
գ.թ. 28.
ասում էին, որ դուք վախենալու բան չունեք, կարող եք հանգիստ լինել: Դիմեցին պատգամավորներին, որ ելույթ ունենան խոսափողից և ժողովրդին կանչեն ԱԺ-ի շենքի մոտ: Ելույթի համար դիմեցին պատգամավորներից մի քանի հոգու՝ Լ. Հակոբյանին, ինձ, Պ. Բոշնաղյանին, Ա. Հակոբյանին, Հ. Բաբուխանյանին, Գ. Կոստանդյանին: Կարծեմ վերը նշված բոլոր պատգամավորներն էլ ելույթ ունեցան: Բոլոր ելույթներում էլ կարծեմ հանդարտության կոչ էր արվում և նշվում պահի լրջությունը: Այնուհետև սկսվեց բանակցություններ ահաբեկիչների և պատգամավորների միջև: Ահաբեկիչները պատգամավորներից պահանջեցին բջջային հեռախոսներ՝ զանգահարելու համար: Նաև պահանջեցին պատգամավորներից զենքեր: Մի քանիսը հանձնեցին զենքերը: Այդ ընթացքում ահաբեկիչները երբեմն կրակում էին դահլիճի տարբեր ուղղություններով, պատճառաբանելով, որ այդ ուղղությամբ իրենք մարդիկ են տեսնում, շարժում կա: Հատկապես դահլիճի ժամացույցի ուղղությամբ: Ինձ և Ռ. Շառոյանին ուղարկեցին այդ սենյակները ստուգելու: Մենք միասին այդ սենյակները նայեցինք և ասացինք, որ ոչ ոք չկա, որպեսզի դադարեցնեն կրա-
գ.թ. 28. հ. երես
կելը: Անհանգստանում էին ահաբեկիչները, որ կարող է դրսից իրենց վրա կրակեն և ներխուժեն ԱԺ դահլիճ, այդ պատճառով ինձ և Հմայակ Հովհաննիսյանին ուղարկեցին դուրս, հայտնելու դրսի մարդկանց, որ եթե նման քայլ կատարվի, ապա իրենք կգնդակահարեն դահլիճում պատանդ մնացած բոլոր մարդկանց: Մենք երկուսով դուրս եկանք դահլիճից և մեզ ուղեկցեցին ԱԺ նախագահի սենյակ, որտեղ նախագահ Ռ. Քոչարյանը մի խումբ պաշտոնյաների, որոնց մեջ կային նաև պատգամավորներ, խորհրդակցում էին: Մենք փոխանցեցինք ասվածը և ուզում էին պատասխան ստանալ ու ետ վերադառնալ դահլիճ, բայց նախագահը և մյուսները արգելեցին այլևս դահլիճ վերադառնալ, պատճառաբանելով, որ որքան դահլիճում քիչ մարդ լինեն, այնքան ճիշտ կլինի հետագա գործողությունների համար: Չուզենալով հանդերձ, մեզ մնում էր ենթարկվել այդ որոշմանը: Այնուհետև մինչև առավոտյան վեցի կողմերը եղել եմ ԱԺ շենքում: Շենքից դուրս գալուց հետո գնացել եմ Գերագույն մարմին, կես ժամի սահմաններում մնացել եմ այնտեղ և գնացել տուն:
ՀԱՐՑ – Ասացեք սովորաբար որ մուտքով եք մտնում ԱԺ–ի շենք և դուրս գալիս: Ինչ պահակա–
գ.թ. 29.
կետերի մոտով եք անցնում մտնելու պահից և ինչ կարգով է արվում ստուգումը ընդհանրապես և այդ օրը մասնավորապես:
ՊԱՏԱՍԽԱՆ – Երկու մուտքերով էլ մտնում եմ: Այդ օրը սովորականի նման էր պահակների պահվածքը: Դեմքով ում ճանաչում են առանց փաստաթուղթ պահանջելու են ներս թողնում (այդպիսի տպավորություն ունեմ): Եվս մի պահակակետ կա ԱԺ-ի առաջին հարկի մուտքում: Նիստերի ժամանակ և հատկապես հարց ու պատասխանի ժամանակ դահլիճի դռների մոտ սովորաբար ոստիկաններ են կանգնած լինում: Կարծեմ այդ օրն էլ կային: Նիստերի դահլիճ մտնելուց ոստիկաններ տեսել եմ: Բանակցելու գնացել ենք նախագահական մուտքով, բարձրացել ենք 3-րդ հարկ, որտեղ արդեն կային մի խումբ զինված մարդիկ, որոնք մեզ ուղեկցեցին ԱԺ նախագահի սենյակ:
ՀԱՐՑ – Ասացեք դուք որ տեղում որ աթոռին եք նստում միշտ այնտեղ եք լինում թե տեղափոխվում եք և այդ օրը որտեղ էիք նստած ձեր ֆրակցիայից ովքեր էին բացակա և ով որտեղ էր նստած:
ՊԱՏԱՍԽԱՆ – Նստած էի իմ տեղում՝ 4-րդ շարք 11-րդ աթոռ, միշտ իմ տեղում եմ նստում: Խմբակցությունից ներկա էինք ես, Մ. Մաթևոսյանը և Ա. Վարդանյանը: Ա. Վարդանյանի տեղը զբաղացրել
գ.թ. 29. հ. երես
էր իմ ձախ կողքին նստած պատգամավոր Վ. Գուրզադյանը (երևի խոսափողին ավելի մոտ լինելու համար, որովհետև հարց պետք է տար): Մ. Մաթևոսյանը իր տեղում էր նստած: Մեր խմբակցությունից բացակայում էին Վ. Հովհաննիսյանը, Դ. Լոքյանը, Ա. Ռուստամյանը, Մ. Միքայելյանը, Ա. Պետրոսյանը: Ա. Վարդանյանը նստել էր Վ. Հովհաննիսյանի տեղը:
ՀԱՐՑ – Ասացեք ինչպես կարող եք նկարագրել հարձակվող խմբի 5 անդամներին և ինչպիսին է եղել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
ՊԱՏԱՍԽԱՆ – Բավականին սառնասիրտ էին գործում: Հիմնական կրակողը Կ. Հունանյանն էր (հետո եմ իմացել անուն ազգանունը): Նկատվում էր, որ նրանց պարագլուխը Ն. Հունանյանն է: Հիշում եմ, որ երեքը անձրևանոցներով էին՝ երկար, Կ. Հունանյանը առանձնանում էր իր ագրեսիվությամբ, կարծեմ 4 ավտոմատներ էին, մեկը կանգնած էր աջ կողմից 3-րդ դռան մոտ, Ն. Հունանյանը և Կ. Հունանյանը գտնվում էին նախագահողների սեղանի կողքին գտնվող օպերատորների տեղում, 4-րդ, որը համեմատաբար ցածրահասակ է, գտնվում էր նախագահության հարթակին, հինգերորդը շարժվում էր տարբեր տեղերում: Ինձ թվում էր, որ նրանց գործողությունները հիմնականում համակարգում էր
գ.թ. 30.
Ն. Հունանյանը:
Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ. կրակոցների ժամանակ հիմնականում թաքնված եմ եղել, հետագայում իրենք ասում էին, թե մեզ վրա էլ են կրակել: Պատգամավոր-ներկաներից ահաբեկիչներին որևէ մեկը դիմադրություն չի ցուցաբերել: Ահաբեկիչները հայհոյանքներով հայտարարում էին, որ «ժողովրդի արյունը ծծել եք», «Հայաստանը կործանվում է»: Պահանջում էին, որ ՀՀ նախագահը գա իրենց հանդիպելու:
– Հարցին պատասխանում եմ. ես դահլիճում գտնվել եմ 1-1.30 ժամի սահմաններում (ավելի կոնկրետ չեմ կարող հիշել): Ն. Հունանյանը, չեմ կարող ասել ում միջոցով, բայց փորձում էր կապնվել ինչ-որ «Տիկո»_ի հետ, իսկ ինձանից, Ռ. Շառոյանից, Մ. Մաթևոսյանից պահանջում էր կապել Հ. Մարգարյանի հետ: Իմ դահլիճում գտնվելու ժամանակ ես տեղյակ չեմ նրանք խոսել են Հ. Մարգարյանի հետ, թե ոչ: Նրանց զրույցի մասին իմացել եմ դահլիճից դուրս եղած ժամանակ:
– Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ ԱԺ շենք մուտք գործող որևէ մեկը կարող
գ.թ. 30. հ. երես
էր ցանկության դեպքում իր հետ զենք բերել: Համենայնդեպս, պահակակետերի հսկողությունը բավականին վատ վիճակում է գտնվում: Չեմ կարծում, որ առանց անցաթղթի հնարավոր է ԱԺ մուտք գործել, խոսքը պատգամավորներին չի վերաբերում: Ասվածը օտար մարդկանց մասին է:
– Ձեր հարցին պատասխանում եմ, որ հինգ ահաբեկիչներից դեմքով ճանաչում եմ միայն Ն. Հունանյանին, որպես ժուռնալիստ: Գիտեմ նաև, որ նա եղել է ինչ-որ ժամանակ ՀՅԴ անդամ, որին հեռացրել են 91-92 թթ.: Դեպքի օրը ես իրենց չեմ տեսել մինչև դահլիճ մտնելը: Հինգ հոգուց ավել նրանց հետ որևէ մեկին նույնպես չեմ տեսել:
– Չեմ կարող պատասխանել, թե ահաբեկիչների հետևում ինչ ուժեր են կանգնած, և ինչ նպատակով է կազմակերպվել ահաբեկչությունը: Կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա:
– Իմ ներկայությամբ նախագահ Ռ. Քոչարյանը դահլիճ չի մտել, գիտեի, որ բանակցություններ են ընթանում, բայց չգիտեի, թե ովքեր են բանակցող կողմերը: Մինչև ԱԺ շենքից դուրս գալը մասնակցել եմ դրսում եղած պատգամավորների հետ ԱԺ խմբակցությունների հայտարարության կազմելուն:
գ.թ. 31.
Հարցին պատասխանում եմ, որ նռնակի պայթյուն չեմ լսել: Ցուցմունքիս ավելացնելու որևէ բան չունեմ:
Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ:
Ռուբեն Հակոբյան