Այսօր՝ մայիսի 25-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների, ինչպես նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Վանաձորի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Տ. Մելիքյանը աշխատում է որպես ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատարանից խնդրել, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանավորման որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ, ով ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ է։
Դատարանը բավարարել էր ավագ քննիչի միջնորդությունը, իսկ ոստիկանությունն էլ նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում։
Քննչական բաժինը ձեռք էր բերել հիմնավոր ապացույցներ, որ նա մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին։ Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր։
Սպանված Թ. Մաթևոսյանը աշխատում էր Մոտկորի անտառապետ և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին էր, ով ուներ 2 անչափահաս երեխա։ Այդ օրերին սպանությունը կատարած ու փախուստի դիմած հանցագործի մտերիմներն ու ընկերները սուտ տեղեկություններ էին տարածում, թե իբրև Թ. Մաթևոսյանն էր դանակով հարվածել իր սրտին, սակայն մոռանում էին, որ ոստիկանությունը դեպքի ականատես անձանցից արդեն ցուցմունքներ էր վերցրել, ովքեր հայտնել էին, որ Թ. Մաթևոսյանին նա հարվածել էր սպանելու նպատակով, և եթե Տ. Մելիքյանը հայտնաբերվեր, ապա նրանք այդ ամենը կհայտնեին առերեսման ժամանակ։
Տ. Մելիքյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը, ծանոթանալով ավագ քննիչի միջնորդությանը, այն համարել էր հիմնավորված և խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։