2012 թվականի նոյեմբերի 28-ին Հայկ Մովսիսյանի՝ ԼՂՀ Ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի ութերորդ խցում «ինքնասպանությունը» դարձավ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու հիմնական շարժառիթը: Այս պատմությունը բացահայտում է մի ամբողջ հանցակազմ՝ գլխավոր դատախազություն, զինվորական դատախազություն, դատարան, նախաքննություն, անհիմն և միտումնավոր քրեական գործ: «Առաջին լրատվական»-ը գործի հետ կապված ներկայացնում է բացառիկ մանրամասներ, որոնք տրամադրել են մահացած զինծառայողի մայրն ու փաստաբանը:
2010 թվականին Հայկ Մովսիսյանին թույլ չեն տվել Մոսկվա մեկնել: Մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, գրավոր ստորագրություն է ներկայացրել Հրազդանի զինկոմիսարիատ, որով պարտավորվել է Մոսկվայից բերել տղային բանակ զորակոչվելու ժամանակ: Վեց ամիս Հայկը Մոսկվայում մնալուց հետո մայիսին եկել է Հայաստան, հունիսի 15-ին զորակոչվել բանակ: Մինչ այդ, սակայն, մայիսի 30-ին զինկոմիսարիատում ծնողներին տեղեկացրել են, որ որդին առողջական խնդիրներ ունի, և ստուգման են ուղարկել Հանրապետական հիվանդանոց, որտեղ հաստատվել է, որ տղան արյան շրջանառության խնդիրներ ունի վերջույթների շրջանում, ինչպես նաև սրտի անբավարարություն: Մինչև բանակ զորակոչվելը՝ մայրը որդու բնութագրում նշել է, որ տղան ագրեսիվ է, որևէ բանի հետ չի հարմարվում, որ գիշերները չի կարողանում քնել, և որ այս խնդիրները տղայի մոտ մանկուց են եղել:
«Ինձ զանգեց երեխան և ասաց՝ զինկոմն ասում է, թե երկու հարյուր դոլար բեր, քեզ հետ կգցենք վեց ամիս, ես էլ զարմացա, ասացի՝ ուրեմն երեխան պրոբլեմ ունի»,- ասաց մայրը:
Տղային բանակ տանելու 12-րդ օրը հունիսի՝ 27-ին, տղան բանակում իր երակները կտրում է: Մեկուկես ամիս Կանազի հիվանդանոցում պառկելուց հետո՝ օգոստոսի 7-ին, դուրս է գրվում: Զինվորական հոսպիտալից թուղթ են տալիս, որ Հայկը ենթակա չէ ծառայության, երկրորդ՝ «Բ» կարգ են տալիս, որից մեկ ամիս անց Հայկը զինվորական գրքույկ է ստանում: Զինգրքույկի ստացումից մեկ շաբաթ անց քննիչը սկսում է գնալ-գալ տղայի հետևից, անընդհատ ստորագրություններ է վերցնում տղայից: Հայկը այդ ընթացքում մեկնում է մոր մոտ՝ բուժման նպատակով: Սակայն իմանում են, որ իրեն փնտրում են, գալիս է Հայաստան, հենց օդանավակայանից էլ նրան բերման են ենթարկում Հրազդանի ոստիկանություն:
«Գործ է հարուցվում՝ այն դեպքում, երբ երեխան զինգրքույկ ունի, մենք պատահաբար իմանում ենք, որ իբր հետախուզման մեջ է: Քննիչ Ադամյանը գալիս և ամուսնուս ասում է՝ երկու հարյուր դոլար կտաս, գործը չեմ մտցնի դատարան, մեր ուտել-խմելու փողը: Ամուսինս չի տալիս՝ վստահ իմանալով, որ երեխան զինգրքույկ է ստացել»,- պատմեց մայրը՝ տիկին Հեղինեն:
Հուլիսի 22-ին Հայկին տանում են «Սովետաշեն» ՔԿՀ, իսկ արդեն սեպտեմբերի 10-ին տեղափոխում Շուշիի բերդ, որտեղ Հայկը մնում է երկու ամիս: Դատավճռի երրորդ օրը, ըստ պաշտոնական վարկածի, նա կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս վարկածին մայրը չի հավատում, քանի որ մայրը ուսումնասիրել է որդու մարմինը՝ նրա բութ մատը կոտրված և կապտած է եղել, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ բռնության հետքեր:
«Բոլորը պետք է պատասխան տան՝ սկսած նախագահից, պաշտպանության նախարարից, բոլորը՝ Ադամյանն ու Աղաբեկյանը»,- ասաց մայրը՝ հավելելով, որ եթե Սեյրան Օհանյանի կողմից տրվել է զինգրքույկ՝ ինչո՞ւ էր իր որդու նկատմամբ քրեական գործ հարուցվել:
Հունվար ամսին մայրը որոշում է նամակ-բողոքով դիմել Սերժ Սարգսյանին:
Հայկ Մովսիսյանի շահերի պաշտպան Վոլոդյա Խաչատրյանը ներկայացնում է ամբողջ գործընթացը. 2011-ի հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊՆ երրորդ քննչական կայազորի բաժնի քննիչ Ա. Ադամյանի կողմից հարուցված գործի նախաքննության ընթացքում՝ 2011-ի օգոստոսի 3-ին որոշում է կայացվել Հայկ Մովսիսյանին Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, օգոստոսի երեքին որոշում է կայացվում որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2011-ին սեպտեմբերի 14-ին որոշում է կայացվել Հայկ Մովսիսյանի նկատմամբ զորամասն ինքնակամ լքելու քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործը կարճել՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով: 2011-ի նոյեմբերի 20-ին որոշում է կայացվել Հայկ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու և նրան կրկին մեղադրանք առաջադրելու մասին, քրեական գործը կարճելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվում նոյեմբերի 29-ին, ըստ որի՝ Հայկ Մովսիսյանը Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Այսինքն՝ քրեական գործն առաջին մասով կարճվում է, հետագայում լրացվում է նոր փոփոխությամբ՝ արդեն երկրորդ մասով, այսինքն՝ ծառայությունից խուսափելու նպատակով մարդը զբաղվում է իրեն վնասելով»,- ասաց Վոլոդյա Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ այստեղ հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ իրեն վնասելուց հետո Հայկի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն: Այդ փորձաքննության եզրակացությամբ տրվել է նա համարվել է մեղսունակ՝ նա կարող էր գիտակցել իր արարքները: Սակայն, ըստ փաստաբանի, այստեղ մոռացվել է մի բան՝ զինծառայության համար, 363 հոդվածի համաձայն, սուբյեկտ է հանդիսանում զինծառայողը, այսինքն՝ այն մարդը, որը պիտանի է զինծառայության. «Եթե մարդը զորացրվել է, օգոստոսի 22-ին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար, ինչպե՞ս է պատահում, որ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքը սուբյեկտ է դառնում. աբսուրդ է ստացվում, հնարավոր չէ, նա արդեն դադարում է զինծառայող լինել՝ սկսած 22-ից, մինչդեռ 29-ին նրա նկատմամբ գործ է հարուցվում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, անտեսելով այս ամենը, Հայկ Մովսիսյանին դատապարտում է երեք տարվա ազատազրկման»:
Շահերի պաշտպանը նշեց, որ Շուշիի բանտում կախվելու միջոցով ինքնասպանություն գործելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որտեղ ներառվել է ինչպես Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի քրեական գործը, այնպես էլ նրա ինքնասպանությանը վերաբերող քրեական գործը: Այս գործի քննությանը, Վոլոդյա Խաչատրյանի խոսքով, ոչ ոք չի մասնակցել, բայց նույն խցում որտեղ ութ կալանավոր կա, և մեկը ինքնասպանություն է գործում, մի՞թե ութից որևէ մեկը չէր կարող արթնանալ:
Մոր՝ Հեղինե Պետրոսյանի՝ ՀՀ նախագահին ուղարկված դիմում-բողոքով ՀՀ գլխավոր դատախազը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել: Ապրիլի 16-ին վերաքննիչը դատարանը իր որոշմամբ հետմահու Հայկ Մովսիսյանին ճանաչում է անմեղ և արդարացնում նրան: Մեկ ամիս հետո պետք է ուժի մեջ մտներ վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Վոլոդյա Խաչատրյանը մայիսի 16-ին ստանում է երկրորդ բողոքը, այն է՝ բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը:
Եթե առաջին միջնորդության տակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ստորագրությունն էր, ապա երկորդում՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Ա. Թամիրազյանի:
Շահերի պաշտպանը աբսուրդ է համարում նույն դատախազության կողմից կատարված իրարամերժ բողոքները. «Չեմ կարծում՝ առաջին բողոքը ներկայացնելուց առաջ դա քննարկման առարկա չի եղել: Երկրորդ անգամ դա նույնպես քննության առարկա պետք է դառնար»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ խարխլվում են արդարադատության հիմքերը: Եվ հիմա վճռաբեկ դատարանը այնպիսի որոշում պետք է կայացնի, որ արդարադատության հիմքերը չխարխլվեն:
Ըստ Վոլոդյա Խաչատրյանի՝ ինչ-որ մարդիկ կարող է պատասխան տան, գուցե լինեն պաշտոնանկություններ: Պատասխանատվության պետք է ենթարկվեն և քրեական գործ պետք է հարուցվի քննիչի, հսկող դատախազի և այդ գործը առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորի դեմ: