Tuesday, 23 04 2024
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր

Հայաստան. վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացումը վիճահարույց իրադրություն է ստեղծել

Հայաստանում զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը ողջունվել է միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն այս ամենի արդյունքում` երկրում միայն այս տարվա երեք ամիսներին լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թիվն անցնել է մեկ տասնյակից, որը հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու լրագրողները խոսքի ազատության լուրջ սահմանափակում են համարում:

Նախկինում վիրավորանքն ու զրպարտությունը համարվում էին քրեորեն պատժելի հանցանքներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 և 136 հոդվածներ)։ Զրպարտության համար նախատեսվում էր տուգանք 500 000-ից 1 մլն դրամի չափով կամ ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Վիրավորանքի համար սահմանված էր տուգանք 400 000 – 800 000 դրամի չափով:

2010 թվականի մայիսի 18-ին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ավելացվեց 1087.1 հոդվածը, որի համաձայն` զրպարտության դեպքում սահմանվում է փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով (2 մլն դրամ), իսկ վիրավորանքի համար անձը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ)։

Փոփոխությունների գաղափարը ողջունեց ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և գնահատեց որպես առաջընթաց խոսքի ազատության ոլորտում։ Դա ամրագրվեց նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի զեկույցում։ Սակայն այս օրենսդրական փոփոխությունը, կարծես ճիշտ հակառակ ազդեցություն է ունեցել:

Հոդվածի ապաքրեականացումից հետո Հայաստանի ներկա ու նախկին պետական պաշտոնյաները սկսեցին անընդմեջ դատական հայցեր հարուցել լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության համար:

Ընդ որում, բոլոր դատական հայցերում պետական պաշտոնյաները պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը: «Եթե Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված լիներ մեկ միլիարդ (դրամ), մենք մեկ միլիարդ կպահանջեինք. խոսքը ԱԺ պատգամավորի մասին է, թույլատրելի չէ նման արտահայտություններ օգտագործել ԱԺ պատգամավորի հասցեին», – դատարանում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը:

«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» օրաթերթին դատի է տվել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար և պահանջում է 3 մլն 568,000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն` Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:

«Օրենքի ապաքրեականացումը լավ մտածված քայլ էր իշխանության կողմից ընդդիմադիր մամուլը վերահսկելի դարձնելու համար: Ուրիշ պատճառ չեմ տեսնում, քան հաշվեհարդարը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց մասին լավից բացի որևէ բան կգրեն» , – ասում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ում ղեկավարած թերթը վերջին շրջանում ամենաշատն է հայտնվել դատական գործընթացներում (Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով 3 դատական հայց է ներկայացվել թերթի դեմ):

Փորձագետների խոսքերով` փոփոխված օրենքի շնորհիվ հայկական լրատվամիջոցները կարող են ավելի մեծ ճնշման ենթարկվել:

Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը դատական հայցերը դիտում է որպես խոսքի ազատության սահմանափակում, որը լուրջ խնդրի առջև է կանգնեցնելու մամուլին. «Առաջին հերթին առաջ է բերելու ինքնագրաքննության մթնոլորտ, երբ լրագրողը կամ խմբագիրը կաշկանդված են լինելու և մի քանի անգամ պետք է մտածեն` արդյո՞ք հոդվածը հրապարակվելուց հետո կարող է իրենց լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնեցնել»:

Փորձագետի գնահատմամբ` օրենքում վիրավորանքը և զրպարտությունը շատ ընդհանրական են ձևակերպված, որը հնարավորություն է տալիս դատավորներին կամայական որոշումներ կայացնել:

Վիրավորանքի և զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի հենց սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի պատվին և գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44,000 դրամ։

Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ` արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի և զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:

Դատական գործը դեռ ընթացքի մեջ է. Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու համար:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և մի քանի այլ խմբագիրներ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են համարում նաև Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ով որպես փորձագետ մասնակցել է օրենքի փոփոխությունների մշակմանը:

Անդրեասյանը ապրիլի 7-ին արձագանքել է խմբագիրների մտահոգությանը` տալով որոշակի պարզաբանումներ։

Օմբուդսմենի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է, որ օրենքի կիրառումը մեծապես կախված է դատավորներից: Նրանք պետք է տեղյակ լինեն և կիրառեն Եվրոպական դատարանի նախադեպային գործերից բխող որոշումներ, լինեն անաչառ և սահմանեն վնասին համարժեք փոխհատուցում:

«Անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների, մեկնաբանությունների ճշմարտացիությունն ու հավաստիությունը: Բացի այդ, լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության, նույնիսկ սադրանքների», – մեկ այլ դատական գործի առիթով ասել էր Մարդու իրավունքների պաշտպանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ օմբուդսմենը իր իրավասությունների շրջանակում արել է հնարավորը, խնդիրը դատական համակարգի մեջ է։

«Ես պնդում եմ, որ ապաքրեականացումը պրոգրեսիվ քայլ էր, բայց Հայաստանն այնպիսի երկիր է, որ նույնիսկ պրոգրեսիվ քայլը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»,- ասում է Մելիքյանը` մատնանշելով երկու հիմնական պատճառ` դատական համակարգի ոչ անկախ լինելը և հասարակության (այդ թվում`քաղաքական էլիտայի) անհանդուրժողականությունը քննադատության հանդեպ։

Օրենքի հիմնական թերություններն, ըստ փորձագետի, անհամաչափ մեծ տուգանքներն են և վիրավորանքի ու զրպարտության ոչ հստակ ձևակերպումները, որոնք կարող են սուբյեկտիվ մեկնաբանությունների տեղիք տալ։ Ըստ Մելիքյանի, դրամական մեծ փոխհատուցում պահանջելով, քաղաքական գործիչները պարզապես ցանկանում են պատժել և հաշվեհարդար տեսնել իրենց քննադատողների հետ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2011-ի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել է վիրավորանքի և զրպարտության հոդվածով 10 դատական հայց լրատվամիջոցների դեմ, ևս 3 հայց եղել է 2010-ի երկրորդ կեսին:

Այնուամենայնիվ, այս փոփոխությունները նաև դրական հետևանքներ են ունեցել: Հատկանշական է, որ հոդվածների ապաքրեականացումից հետո կտրուկ նվազել են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը:

«Մինչ այդ ԶԼՄ-ների դեմ կռվում էին այլ միջոցներով` ծեծում էին, վախեցնում էին, մեքենաներն էին հրկիզում, ջարդում էին տեխնիկան և այլն: Հիմա որոշել են այլ կերպ հարված հասցնել` ֆինանսական ճնշման միջոցով լռեցնել», – ասում է «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) ներկայացուցիչները ևս մտահոգված են վիրավորանքի և զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջվող ոչ ողջամիտ գումարների չափով, որոնց գրեթե կեսը միայն փաստաբանական ծախսերի փոխհատուցման համար պահանջվող գումարն է, քանի որ դա կարող է անվստահություն և ոչ հարգալից վերաբերմունք ձևավորել փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը և մյուս փաստաբանները առաջարկում են դատարանների խորհրդին կրճատել փաստաբանական ծախսերի փոխհատուցման չափերը:

Իսկ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր հարուցող պաշտոնյաները հիմնականում դատական նիստերին ներկա չեն լինում ու մեկնաբանություններ չեն տալիս լրագրողներին: Իրենց քայլն իրենք համարում են խոսքի անարխիան զսպելու միջոց, այլ ոչ թե լրատվամիջոցների ազատության սահմանափակում: Իսկ փոխհատուցման գումարը խոստանում են ծախսել բարեգործական նպատակներով:

Մերի Ալեքսանյան, Կարինե Իոնեսյան

Մերի Ալեքսանյանը և Կարինե Իոնեսյանը «Մարդու իրավունքները Հայաստանում» լրատվամիջոցի թղթակիցներն են:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում