Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի քաղաքացիներին տրվող անցագրերի ժամկետները երկարաձգելու համար.
«Այսօր ԱՄՆ-ում մեր դեսպանը զանգահարեց ինձ և հայտնեց, որ ԱՄՆ կառավարությունը վճռել է մեղմացնել Վրաստանի հետ գործող անցագրային ռեժիմը: Խոսքն այնպիսի լուրջ քայլի մասին է, ինչպիսին է Վրաստանի քաղաքացիների համար անցագրային ժամկետը մինչև 10 տարի երկարաձգելը:
Դա մասնավորապես վերաբերում է զբոսաշրջիկներին ու աշխատավորներին: Իսկ Վրաստանի 11 կարգի քաղաքացիների (ուսանողներ, գիտնականներ, կրոնական գործիչներ և այլք) համար անցագրի տևականության ժամկետը 1 տարուց հասցվել է հինգ տարվա:
ԱՄՆ կառավարության ընդունած այդ որոշումը մեր ձեռքբերումներից մեկն է, որը հնարավոր եղավ ռազմավարական գործընկերության խարտիայի հիման վրա: Դա ԱՄՆ-ի կողմից բարեկամական ժեստ է և Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռի բիզնես գործունեություն ծավալել ԱՄՆ-ում»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացիների համար Վրաստանում չի գործում անցագրային ռեժիմ, ուստի նրանք տարեկան կարող են Վրաստանում գտնվել 360 օր: