Մոտ 50 փաստաբան հունիսի 10-ին և 11-ին գործադուլ կհայտարարեն: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին փաստաբաններ Հայկ Ալումյանը, Նարինե Ռշտունին, Արա Զաքարյանը և Գևորգ Դավթյանը: Բանախոսները բողոքում են Հայաստանի Վճռաբեկ դատարանի գործունեության, իսկ ավելի կոնկրետ՝ կամայականությունների դեմ:
Հայկ Ալումյանը նշեց, որ այժմ իրենց հայտարարության տակ ստորագրել են մոտ 50 փաստաբաններ, սակայն վստահաբար մինչև հունիսի 10-ը շատերը կմիանան իրենց․ «Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ մենք բողոքեցինք դեռ անցած տարվա հունիսին, հիմա արդեն լրանում է մեկ տարի, սակայն մեր բողոքը մնաց անպատասխան: Վճռաբեկ դատարանի դատավորները չեն բացատրում, թե ինչո՞ւ են այս կամ այն գործն ընդունում վարույթ՝ այն դեպքում, երբ պետք է բացատրեն, և չեն էլ հիմնավորում թե ինչու չեն ընդունում՝ շատ դեպքերում միայն հայտարարում են, որ բողոքի մեջ չի հասկացվում, թե հայցվորը կոնկրետ ինչ է պահանջում, և այդքանով սահմանափակվում»:
Փաստաբանները նշեցին, որ Վճռաբեկ դատարանը, բացի վերը նշվածից, նաև շատ և անհարկի է ուշացնում բողոքների քննումը, այսինքն՝ տվյալ գործով բողոքի քննությունը և որոշումը շատ ուշացած է գալիս:
Այն դիտարկմանը, թե նախկինում հայտարարվել էր, որ Վճռաբեկ դատարանը միայն լուրջ գործերն է վարույթ ընդունում, փաստաբան Նարինե Ռշտունին հիշեցրեց մի կալանավորի, որի բողոքի քննությունը Վճռաբեկ դատարանն այնքան ուշացրեց, որ նա մահացավ բանտում․ «Յուրաքանչյուր քաղաքացու համար իր բողոքը և գործը լուրջ է, անլուրջ դատական գործեր չկան»,- վստահեցրեց նա:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեն իրենց հայտարարած գործադուլից, փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Մենք պահանջում ենք Վճռաբեկ դատարանի գործունեության փոփոխություն, այսպես շարունակվել չի կարող, այն փաստաբանները, որոնք հրաժարվել են միանալ մեր բողոքին՝ ասել են, թե ուզում են ամեն ինչ օրենսդրությամբ կարգավորվի՝ շատ լավ, մենք դեմ չենք, բայց արդեն 18 տարի է սպասում ենք օրենսդրությամբ կարգավորմանը, սակայն անարդյունք՝ եթե մեր գործադուլը որևէ արդյունք չտա, մենք կմտածենք արդեն մեր հետագա քայլերի մասին»:
Բանախոսները հավելեցին, որ սա արվում է առաջին հերթին հօգուտ Հայաստանի Հանրապետության, քանի որ երբ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չի ընդունում և հետևաբար չի քննում, հայցվորը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ն էլ հիմնականում որոշումը կայացնում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, և պետությունը ստիպված է իր բյուջեից վճարել քաղաքացուն: