Երբ 2013 թ. հունվարին, ՀՀ նախագահական ընտրարշավի ընթացքում, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում, Սերժ Սարգսյանը, ի պատասխան տարեց բնակչի բողոքի, թե՝ «Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են», հարցրեց. «Ե՞ս եմ մեղավոր», և տարեց գյուղացու հաստատական՝ «հա»-ին «հակադարձեց»՝ «Այ, տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում», նրա այս խոսքը 2013թ. ՀՀ նախագահի ընտրարշավում վերածվել էր քաղաքական հիթի: Թեպետ ոչ միայն դա: Նույն ընտրարշավի ընթացքում, վերոհիշյալ զրույցից երկու շաբաթ անց, Սարգսյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե՝ «Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսը»,-պատասխանել էր՝ «Շանսը ո՞րն ա. ինչքան ուզես, էնքան խփենք». այս արտահայտությունը դարձել էր քաղաքական աֆորիզմ, որը թե՛ բնութագրում էր Սերժ Սարգսյանի քաղաքական մտքի ընդգրկումը, թե՛ հայկական ավանդական արատավոր ընտրությունները: Սերժ Սարգսյանի մյուս՝ գրավոր՝ գրած-մշակած ելույթների մեծ մասը պարուրված են երեսպաշտությամբ և քաղաքական կեղծիքով:
Սերժ Սարգսյանի նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, ևս աչքի էր ընկնում «վատ պարողների» «գիրք կարդացողների» հանդեպ ծաղրանքի, «կլիզմաների» մասին քաղաքական արտահայտություններիի ողջ հմայքով: Թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի այդևայլ մտքերը, հարցազրույցները, հայտարարությունները, ելույթները ցրում են տարակույսները, թե դրանք արդյո՞ք քաղաքական են, քանի որ հենց այդպիսին են Հայաստանի այսօրվա քաղաքականությունը, քաղաքական միջավայրը, մթնոլորտը, դերակատարները:
Սերժ Սարգսյանի տարբեր ելույթների, հարցազրույցների, հանդիպումների բազմաթիվ մտքեր թևածում են ներկա հայ քաղաքական մթագնած երկնակամարում: Եվ երբ նրա դարակազմիկ քաղաքական մտքերի, աֆորիզմների շքերթին միանում են ՀՀ գործող խորհրդարանի պատգամավորների ելույթները, հարցազրույցները, հայտարարությունները, ապա հայ քաղաքական մտքի փաղանգն ամբողջանում է՝ Հայաստանի դեպքում վերահաստատելով Հովիկ Աբրահամյանի հավերժափայլ միտքը՝ «Քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»:
Հայ քաղաքական մտքի նորօրյա ծանծաղուտները խեղդում են առաջադեմ Հայաստանի բաղձալի հեռանկարները՝ խորացնելով ոչ միայն ամոթը ներկա քաղաքական մտքի հանդեպ, այլև հուսահատությունը, թե հայ քաղաքական միտքը երբևէ ի զորու կլինի բարձրանալ դրանից և երկնել նոր մտքեր, հայտարարություններ, ելույթներ՝ հենված վեհ գաղափարների, համամարդկային արժեքների, ազգային արժանապատվության, հայ ժողովրդի հեռահար քաղաքական նպատակների, ընդգրկուն աշխարհայացքի վրա:
Հայաստանում վերջին քաղաքական հիշարժան ելույթները 8-9 տարվա վաղեմություն ունեն. Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում 2007 թ. հոկտեմբերի 26-ի՝ «Իրերն իրեց անունով կոչելու և հաշիվ պահանջելու ժամանակը» և 2008 թ. հունվարին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր» վերտառությամբ փոթորկալից եյույթները՝ «վերից վար կոռումպացված համակարգի» «ավազակապետության կազմաքանդման», «մոնղոլ-թաթարական խանության», «ավգյան ախոռները մաքրելու», «կորուսյալ դրախտի հուշի» և «վերագտյալ դրախտի երազանքի»» մասին:
Համաշխարհային քաղաքական միտքը շրջադարձային, փոթորկալի և աշխարհացունց քաղաքական փոփոխությունների ժամանակ առաջադրել է բարձր, վեհ գաղափարներով տոգորված ուղենշային պատմական քաղաքական ելույթներ, որոնց հեղինակները նաև այդ ելույթներով են խոր հետք թողել համաշխարհային քաղաքական պատմության մեջ:
20-րդ դարի 88-90-ական թթ. սկզբին Հայաստանը ոչ միայն մասն էր կազմում համաշխարհային փոփոխությունների, այլև այդ փոփոխությունների դրոշակակիրն էր: Հայաստանի նորագույն շրջանի հենց այդ փուլում էլ հայ քաղաքական միտքը ծնեց նշանակալի և պատմական քաղաքական ելույթներ, հոդվածներ, որոնց հեղինակները «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն էին: 1990-ական թթ. Լևոն Տեր-Պետրոյսանի՝ «Մոսկվան այլընտրանք չունի», Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակը», Վանո Սիրադեղյանի «Առաջին և վերջին քայլը ազատության ճանապարհին» հոդվածները հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության համար ուղենշային էին՝ լուսավորելով հայ քաղաքական մտքի կարևոր ձեռքբերումների հուսադրող ընթացքը:
Հետագայում հայ քաղաքական դաշտում Վ. Մանուկյանի առաջադրած մեկ այլ միտքը՝ «Մենք համաշխարհային ազգ ենք», և դրա շուրջ ծագած ներհասարակական բանաճեը դարձյալ հայ քաղաքական մտքի զարգացման մեծ ներուժ էին պարունակում: Սակայն աստիճանաբար մոռացվեցին ոչ միայն այդ ելույթների իրական արժեքը, այլև դրանց հեղինակներն իրենք աստիճանաբար հեռացան այդ գաղափարներից ու արժեքներից: Հայ քաղաքական միտքը կարծես ինքնասպանության էր պատրաստվում՝ վայր նետվելու քաղաքական նվաճած բարձունքներից:
Երբ Մահաթմա Գանդին 1926թ. դատարանում պատմում էր անգլիացի գաղութարարների և «նրանց հնդիկ գործակիցների կողմից» հնդիկ հայրենասերներին պատճառած անանց տառապանքների մասին, երբ 43-ամյա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոն Քենեդին 1960 թ. իր երդմնակալության հանրահռչակ ճառով ազդարարում էր «ամերիկացիների նոր սերնդի» անցնելիք ճանապարհի մասին, երբ 1963 թ. Մարթին Լյութեր Քինգը խոստովանում էր, որ ինքը մի երազանք ունի, երբ 1985 թ. Մ. Գորբաչովը հռչակում էր վերակառուցման քաղաքական ուղեգիծը, երբ 1989թ. ԱՄՆ մեկ այլ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանը, պատմական ելույթով փակում էր սառը պատերազմի դարաշրջանի վերջին էջը, երբ 1989 թ. Վացլավ Հավելը խոսում էր ազատության արժեքների մասին՝ նրանց բոլորին առաջնորդում էր հզոր քաղաքական ընդգրկումը և լայն աշխարհայացքը: Նույնիսկ թվային տեխնոլոգիաների սրընթաց վերելքի մեր դարաշրջանը բնավ չի նվազեցրել քաղաքական հզոր ելույթների կարևորությունը համաշխարհային քաղաքականության համար: Այդ ելույթները լայնահուն գետեր էին, որոնք թափվում էին համաշխարհային քաղաքականության օվկիանոս:
Հայաստանն Ամերիկա չէ, և 59-ամյա ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «թարս բուսած խիյարի» «խփած թվերի», Ռոբերտ Քոչարյանը՝ գիրք կարդացողների ծաղրելու քաղաքական ջրափոսից չբարձրացան, մինչև անգամ «համաշխարհային ազգի» հանձնառուն՝ Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Մոսկվան այլընտրանք չունի» քաղաքական պնդման հեղինակը, հայտնվեցին նույն ջրափոսում, դառնալով Հայաստանը ռուսական ֆորպոստի վերածելու քարոզչական ակումբի անդամ և կամ այդ ֆորպոստի կարգավիճակին ընդդիմացողներին որակելով որպես «20-30 ջղաձգվողներ»:
Հովիկ Աբրահամյանը երիցս ճիշտ էր. Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ: Ընդհակառակը. Հայաստանում խելքը քաղաքականությամբ զբաղվելու լուրջ արգելք է, մեծ խոչընդոտ, շնչահեղձ անող զսպաշապիկ: Խելքը և հայրենիքի հանդեպ սերը այն հսկա ժայռաբեկորներն են, որոնք դրված են անհատի, հասարակության հնարավորությունների և առաջընթացի ճանապարհին:
Համաշխարհային քաղաքական մտքի պատմական ելույթները ծնունդ են առել դրանց երկուսի՝ խելքի և հայրենիքի հանդեպ սիրո արդյունքում: Այդ իսկ պատճառով են դրանք դարձել նաև ուղենշային այդ ժողովուրդների և նրանց հայրենիքների համար:
Մինչդեռ հայ քաղաքական միտքը կարկամել-արգելակվել-խցանվել է «թարս բուսած խիյարի», «վատ պարողների», «մի խումբ ջղաձգվողների» արտահայտությունների և մեղադրանքների փակուղում:
Հայ քաղաքական մտքի ներկա անդաստանն իրականում հսկա ջրափոս է, որը տարածվելով-ընդարձակվելով՝ քայքայել է քաղաքականության լայնահուն ճանապարհը:
Քաղաքական անխելքության այս լայնատարած հայկական ջրափոսն արագորեն խորանում-մեծանում է՝ կլանելով և խեղդելով յուրաքանչյուր առաջադեմ միտք և գաղափար՝ գոցելով քաղաքական մեծ ընդգրկման, ուղենշային քաղաքական ճառերի, վեհ և ազնիվ գաղափարների բյուրեղացման, քաղաքական խելամտության և հայրենիքի հանդեպ իրական սիրո հորիզոնը:
Սակայն այդ ջրափոսից դուրս գալու համար խելք, ամեն դեպքում, պետք է: Հենց այն, ինչից այնպես խորշում է ներկա հայ քաղաքական մտքի իշխանական և ընդդիմադիր մեծաթիվ ընտրանին: