«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով վկա Դիանա Նավոյանը. նա տուժող` բռնարարքի հետևանքով հետագայում մահացած Վահե Ավետյանի ու նրա ընկերների հետ դեպքի օրը գտնվել է ռեստորանային համալիրում:
Ականատես վկայի տեղեկությունները դեպքի մասին շատ սուղ էին: Նա, մասնավորապես, ականատես է եղել, թե ինչպես է համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը դիտողություն արել բժիշկ Վահե Ավետյանին՝ «սպորտային վարտիքով չի կարելի»: Հետո Վ.Ավետյանը գնացել է տուն և շալվարը փոխած վերադարձել: Ապա Վ.Ավետյանը՝ դիմելով նույն մատուցողին, հարցրել է՝ «կարո՞ղ է իմ կեպին դուր չի գալիս» և վերջինիցս ստացել պատասխան՝ «կա՞յֆ ես բռնում», և մատուցողն ու տուժողը դուրս են եկել: Դրանից հետո Դ.Նավոյանն, ըստ ցուցմունքի, ոչնչից տեղյակ չի եղել: Մասնավորապես, այն մասին, որ Վահեն վնասվածքներ է ստացել, իմացել է առավոտյան լուրերից:
Այսօրվա դատական նիստը, ըստ նախագահող դատավորի հայտարարության, պետք է տևեր մինչև 16.30-ը: Այդ մասին դատարանին հիշեցրել է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը և խնդրել թույլ տալ իրեն մասնակցել այլ դատական նիստի՝ կալանքի թույլտվություն տալու մասին, սակայն դատարանը չի բավարարել պաշտպանի միջնորդությունը:
Պաշտպանը հայտարարել է, որ չի հեռանա դատարանից, որպեսզի դա չդիտվի որպես անհարգալից վերաբերմունք, սակայն չի մասնակցի դատական նիստին և դրա համար պաշտպանը «արժանացավ» դատական տույժի՝ նախազգուշացման: Դատարանը չի բավարարել նաև պաշտպանի միջնորդությունը վկային հարցեր տալու համար իրեն ժամանակ ու դատական նիստի ձայնագրառման կրիչ տրամադրելու մասին: