VKontakte ռուսական սոցիալական ցանցը սխալմամբ ներառվել է արգելված կայքերի ցուցակում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է «Ռոսկոմնադզորի» (Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) ներկայացուցիչ Վլադիմիր Պիկովը:
«Սա սխալ է, պատահականություն: Մեր աշխատակիցն այդտեղ «թռչնակ» է դրել, ինչի պատճառով IP-հասցեն հայտնվել է ռեեստրում»,- ասել է նա և հավելել, որ ռեսուրսն արդեն հասանելի է օգտատերերի համար:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ vk.com դոմենը ներառվել է արգելված կայքերի միասնական ռեեստրում:
VKontakte ռուսական խոշորագույն սոցիալական ցանցի օրական «լսարանը» կազմում է ավելի քան 40 միլիոն մարդ: