«Կարծում եմ` ավելի շատ այս համագործակցությունը ենթադրում է Հայաստանի զինված ուժերին նյութական մատակարարում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Հայաստանի պաշտպանության նախարարի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիայի հանդիպման մասին, կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հիշեցնելով, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 1993-94թթ., Իրանի այն ժամանակվա նախագահի հատուկ կարգադրությամբ վառելանյութ էր մատակարարվում հայկական զորքերին:
Նկատենք, որ նշյալ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր:
Մինասյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-իրանական բավականին ընդլայնված ռազմական համագործակցությունն ավելի շատ վերաբերում է հայկական զինված ուժերի նյութական ապահովմանը, այլ ոչ թե կոնկրետ ռազմատեխնիկական համագործակցությանը.
«Նման համագործակցությունը բավականին զգայուն թեմա է Հայաստանի այլ ռազմավարական գործընկերների, այդ թվում` նաև Միացյալ Նահանգների համար»:
Քաղաքագետը նշեց, որ չնայած այդ ամենին, Հայաստանը, գտնվելով բավականին յուրահատուկ և բարդ աշխարհագրական և աշխարհքաղաքական դրության մեջ, անպայմանորեն պիտի զարգացնի Իրանի հետ իր համագործակցությունը ռազմական ոլորտում: Այդուամենայնիվ, ըստ Մինասյանի, այդ համագործակցությունը դեռևս չի կարող ենթադրել ինչ-որ կոնկրետ ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուրջ պայմանավորվածություններ: