Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ցոլակ Մաթևոսյանի և Արսեն Բալասանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Այս գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:
37-ամյա Ցոլակ Մաթևոսյանն աշխատել է ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության 1-ին բաժնի 1-ին բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր: Ամուսնացած է, խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխա ունի:
40-ամյա Արսեն Բալասանյանը չի աշխատել: Նախկինում երկու անգամ դատված է եղել, վերջին անգամ նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, նա պատժի կրումից ազատվել է համաներումով՝ 2011 թվականի հուլիսին:
Արսեն Բալասանյանի դատվածությունները մարված են: Բնութագրական է համարվել, որ նա դատապարտվել է խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար:
Արսենը ևս ամուսնացած է, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխա ունի:
Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր Ցոլակ Մաթևոսյանը մեղադրվել է կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու համար:
Ըստ դատավճռի՝ Ցոլակ Մաթևոսյանը, նպատակ ունենալով խաբեությամբ տիրանալու տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց գույքին, 2012 թվականի նոյեմբերին ընկերոջից՝ Արսեն Բալասանյանից տեղեկություն է ստացել, որ Չինաստանից ջինսերի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Ա.-ն հարկային մարմինների հետ խնդիրներ է ունենում:
Ցոլակը որոշել է հանդիպել Ա.-ին, ներկայանալ որպես ԱԱԾ աշխատակից և նրա կողմից թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք տալու սպառնալիքով գումարներ պահանջել:
Ցոլակ Մաթևոսայնը հնարավորինս շատ տեղեկություններ է հավաքել Ա.-ի մասին: Պարզել է, որ Ա.-ն վախենում է իրավապահներից, նրանց շրջանում օգտակար կապեր ու ծանոթություններ չունի, վարում է թանկարժեք ավտոմեքենա, ֆինանսապես ապահովված է:
2012 թվականի նոյեմբերի 22-ին Արսեն Բալասանյանը, Մաթևոսյանի հետ նախնական համաձայնության գալով, հանդիպել է Ա.-ին՝ ջինսե տաբատների մի լավ գնորդի հետ նրան ծանոթացնելու պատրվակով:
Ցոլակ Մաթևոսյանը հանդիպման վայրից քիչ հեռու թաքնվել է՝ Ա.-ին տեսնելու և ճանաչելու համար:
Ա.-ի հետ հանդիպելով՝ Բալասանյանը հեռախոսով գաղտնի հաղորդագրություն է ուղարկել Մաթևոսյանին՝ մատնանշելով, թե որ մեկն է Ա.-ն:
Ցոլակ Մաթևոսյանը իրենց բաժնին ամրակցված ծառայողական մեքենայով հանդիպումից հետո հետևել է Ա.-ին, Իսակովի պողոտայում կանգնեցրել, ներկայացել որպես ԱԱԾ համապատասխան բաժնի աշխատակից, նստել է Ա.-ի մեքենան և սկսել է «զրուցել» հետը:
Ա.-ի տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, իբր՝ հարկային պարտավորությունների չկատարումը, տնտեսական բնույթի այլ խախտումները չարձանագրելու, կոծկելու դիմաց, ներկրված ու պահեստում գտնվող ապրանքները բռնագրավելու սպառնալիքով Ցոլակ Մաթևոսյանը Ա.-ից պահանջել է 20 հազար դոլար կաշառք: Ա.-ն սակարկել է: Ի վերջո Ցոլակ Մաթևոսյանը համաձայնել է 10 հազար դոլար կաշառքով բավարարվել:
Ա.-ն, սակայն, այդ գումարը ԱԱԾ ավագ օպերլիազորին տալու փոխարեն ողջամտորեն դիմել է ԱԱԾ ու ներկայացրել նրանց աշխատակից Ցոլակ Մաթևոսյանի հանցավոր պահանջը:
Ընդհանուր իրավասության դատարանում Ցոլակ Մաթևոսյանը և Արսեն Բալասանյանն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու վերաբերյալ: Մեղադրողը և տուժողը չեն առարկել, վերջինս հայտնել է, թե հաշտվել է ամբաստանյալների հետ:
Ընդհանուր իրավասության դատարանը Ցոլակ Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձի, իսկ Արսեն Բալասանյանին՝ նրան օժանդակելու համար:
Մաթևոսյանն ու Բալասանյանը դատապարտվել են 4 տարի 6 ամիս ազատազրկման: Երկուսի պատժի սկիզբն էլ 2012 թվականի նոյեմբերի 24-ից է:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալները՝ խնդրելով մեղմացնել իրենց նկատմամբ սահմանված պատիժը, կիրառել պայմանական դատապարտություն կամ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ: