Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթա աս-Սիսին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են միջազգային ահաբեկիչների դեմ հետագա պայքարի անհրաժեշտությունը ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայում և Եմենում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Ընդգծվել է միջազգային ահաբեկիչների դեմ հետագա արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայում և Եմենում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը նշել են Եգիպտոս ռուսական ինքնաթիռների թռիչքների վերականգնման համար բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը:
Ռուսաստանից Եգիպտոս թռիչքների դադարեցման մասին հրամանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր անցած տարվա նոյեմբերի 8-ին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող օդանավի վթարից հետո։









































