Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Զաքարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ Արթուր Զաքարյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել:
Սա դարձյալ զինվորական գործ է, նորից՝ անհեթեթ, զայրացնելու աստիճան անհեթեթ պատճառով խաթարված երիտասարդ ճակատագրեր. մի զինվորն ինքնասպանություն է գործել, մյուսը պաշտոնեական դիրքը չարաշահելու և իշխանազանցության համար դատապարտվել է: Մինչդեռ նրանց ծառայությունը օրենքի տառին համապատասխան կազմակերպված լինելու, տնավարիության, գողականության և բանակին անհարիր այլ տարրերի բացակայության դեպքում, լիակատար զինվորական կարգապահության պայմաններում այս զինվորների կյանքում նման ողբերգական շրջադարձ չէր լինի, ու հիմա յուրաքանչյուրն իր տեղում կլիներ՝ հուրախություն իրենց ծնողների, հարազատների և ի նպաստ ամբողջ Հայրենիքի:
Ըստ դատավճռի՝ հաստատված է գնահատվել հետևյալը. 20-ամյա ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ Արթուր Զաքարյանը, հանդիսանալով ջոկի հրամանատար՝ պաշտոնատար անձ, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ՝ որպես դիրքի ավագ, 2012 թվականի փետրվարի 2-ին, ժամը 13-ն անց 40-ի սահմաններում, «անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ համածառայողների շրջանում իր թվացյալ գերազանցությունը ցուցադրելու, խստապահանջ հրամանատարի տպավորություն ստեղծելու և վարկանիշը բարձրացնելու նպատակով, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը»՝ իր համար ստորադաս հանդիսացող, նույն ջոկի ժամկետային զինծառայող, նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող շարքային Կառլեն Բաղդասարյանի կողմից իրեն հայհոյելու պատճառով դիրքի գետնատնակում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով Բաղդասարյանի մարմնի տարբեր մասերին: Ապա, շարունակելով իր գործողությունները, Բաղդասարյանին գետնատնակից դուրս է կանչել, նորից ծեծի ենթարկել, վիճաբանության ընթացքում Բաղդասարյանին սպառնացել, թե հետագայում նրանից պատասխան է պահանջելու՝ իրեն հայհոյելու համար:
Զաքարյանի գործողությունների հետևանքով, որոնք «էական վնաս են պատճառել զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքին, զինվորական պետերի և պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման սահմանված կարգին», Բաղդասարյանը, գտնվելով հոգեկան ընկճվածության վիճակում, նույն օրը, ժամը 17-ի սահմաններում դիրքում դիտորդի պարտականությունները կատարելիս իրեն ամրակցված ինքնաձիգից ինքնասպանության նպատակով մեկ կրակոց է արձակել իր ճակատային շրջանին ու մահացել:
Այսպիսով, ըստ դատավճռի, Արթուր Զաքարյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը և իշխանազանցությունը անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել:
Ամբաստանյալ Արթուր Զաքարյանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա՝ մարտական հերթապահությունը, ընդհանուր առմամբ, նորմալ էր իրականացվում: Դեպքի օրը ինքը Ա. Մարտիրոսյանին և Կ. Բաղդասարյանին ասել է, որ շուտ արթնանան: Ավելացրել է, թե սրանից հետո շուտ պիտի արթնանան, որ մարտական հերթափոխը ուշ չկատարեն: Բաղդասարյանն իր ասածի վերաբերյալ ինչ-որ արտահայտություն է արել, որը հայհոյանք է նշանակում: Այդ պատճառով իրենց միջև վիճաբանություն է սկսվել: Միմյանց հայհոյել են ու հարվածել: Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է գետնատնակից դուրս: Ինքն ասել է, թե այդ թեմայով Բաղդասարյանի հետ դեռ խոսելու է: Վերջինիս հայհոյանքի պատճառով ինքը բարկացել է:
Միջադեպից հետո Բաղդասարյանը գնացել է քնելու, հետո գնացել է դիրք: Որոշ ժամանակ հետո կրակոցի ձայն է լսվել: Ասել են, թե Բաղդասարյանն ինքնասպան է եղել: Ինքը Բաղդասարյանից նման հայհոյանք չէր սպասում, իրենց հարաբերությունները մինչ այդ նորմալ են եղել: Բաղդասարյանի հայհոյանքից հետո իրեն չի տիրապետել, որովհետև նա վիրավորել է իր ընտանիքին:
Զենքը վերցրել է, քանի որ շատ բարկացած է եղել: Սակայն կարծում է, թե Բաղդասարյանն իր գործողությունների պատճառով չի ինքնասպանություն գործել: Իրենք փոխադարձաբար են հայհոյել ու խփել մեկմեկու: Իրենից վիրավորված լինելու դեպքում նա, ամենայն հավանականությամբ, հենց իր վրա կկրակեր:
Զաքարյանը նշել է, թե դեպքի օրն է իմացել, որ Բաղդասարյանը նախկինում դատվածություն է ունեցել:
Տուժողի հայրը հայտնել է, որ որդին զորակոչվել է 2010 թվականի դեկտեմբերի 6-ին: Նա ծառայությունից գոհ էր, երկու անգամ արձակուրդում է եղել, ասել է, թե ամեն բան նորմալ է:
Տուժողի իրավահաջորդը կասկած է հայտնել, թե որդուն սպանել են, քանի որ, ըստ նրա, կրակոցը երեք-չորս մետրից է եղել: Հայրը որդու մոտ տարօրինակություններ երբեք չի նկատել: Ընդունել է, որ որդին մեկ անգամ դատված է եղել, պատիժը լրիվ կրել է: Տուժողի իրավահաջորդը խնդրել է կայացնել արդարացի դատավճիռ:
Վկա, նախկին ժամկետային զինծառայող Խանդոյանը հայտնել է, թե դեպքի օրը Զաքարյանը, լինելով դիրքի ավագ, արթնացրել է զինծառայողներին, որ մարտական հերթապահություն իրականացնեն: Բայց զինվորները դժվարությամբ են արթնացել: Զաքարյանն էլ ասել է, թե սրանից հետո կես ժամ շուտ է արթնացնելու:
Զինծառայող Մարտիրոսյանն ասել է. «Ինձ անց կես պադյոմ տվողին… «Պոնչ», շարունակիր» ու դիմել է Կ. Բաղդասարյանին, ում «Պոնչ» են ասել:
Վերջինս շարունակել է Մարտիրոսյանի խոսքն ու ասել. «Դե գիտեք, թե ինչ պիտի ասեմ՝ տուուտ, տարամ, տարարամ, տուուտ»: Ըստ վկայի՝ զինվորները գիտեն, որ այդ «տուուտ-տարարամը» նշանակում է հայհոյանք:
Զաքարյանը զայրացել է: Նա ու Բաղդասարյանը փոխադարձաբար իրական հայհոյանքներ են տվել, ապա և հարվածներ հասցրել միմյանց:
Ներկա զինվորները նրանց բաժանել են: Զաքարյանը զայրացած վազել է միջանցք, վերցրել ինքնաձիգներից մեկը և մի փամփշտատուփ, ցանկացել է փամփշտատուփն ամրացնել ինքնաձիգին: Ասել է, թե կխփի:
Բայց ներկաները ինքնաձիգը վերցրել են Զաքարյանի ձեռքից, փամփշտատուփն էլ՝ անջատել:
Զաքարյանը մոտեցել է կացարանում կանգնած Բաղդասարյանին, բռունցքով մի քանի հարված հասցրել նրա դեմքի շրջանին: Բաղդասարյանն էլ է փորձել հարվածել, բայց նրանց բաժանել են:
Հետո Զաքարյանի պահանջով նրանք դուրս են եկել: Մեկ-երկու րոպե անց լսվել է Բաղդասարյանի ձայնը, թե՝ Մետաքս, մի խփիր: Զինվորները Զաքարյանին «Մետաքս» են ասել, քանի որ նա Երևանի «Մետաքս» կոչվող թաղամասից էր:
Զաքարյանը Բաղդասարյանին ասել է, թե զորամաս իջնելուց հետո նա պատասխան է տալու: Այդ օրվա հերթապահությունից հետո էլ ինքը գալու է նրան տեսնելու: Բաղդասարյանը դրանից հետո լուռ պառկել է:
Ժամը 15-ն անց 40-ի սահմաններում քնածներին արթնացրել են, ու երեք զինվոր, այդ թվում՝ Բաղդասարյանը, գնացել են դիտակետ:
Այնտեղ Բաղդասարյանը չի խոսել, անտրամադիր է եղել: Ժամը 17-ի սահմաններում կրակոցի ձայն է լսվել: Տեսել են, որ Բաղդասարյանն ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր ճակատին:
Դիտակետ է եկել Զաքարյանը, և վկա Խանդոյանն ասել է. «Պոնչը էլ չկա»: Զաքարյանը լաց է եղել, ըստ վկայի՝ անգամ ուշագնաց է եղել: Քիչ անց եկել են սպաները ու նրան տեղափոխել:
Ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Արթուր Զաքարյանի գործողությունները, ինչպես նաև նրա հետ վիճաբանության պատճառով Կառլեն Բաղդասարյանի մոտ ի հայտ եկած հոգեկան ընկճվածությունը կարող էին վերջինիս կողմից ինքնասպանություն գործելու պատճառ դառնալ:
Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Զաքարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի փետրվարի 4-ից:
Ահա և քեզ՝ «տուուտ, տարամ, տարարամ, տուուտ»…
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալն ու իր շահերի պաշտպանը: Բողոքի պահանջներն են, որ վերաքննիչ քրեական դատարանը վերաորակի Արթուր Զաքարյանի արարքը, կայացնի արդարացի դատական ակտ: Զաքարյանին մեղավոր ճանաչելու դեպքում, ըստ բողոքի, հարկ է նշանակել ավելի մեղմ պատիժ և կիրառել պայմանական դատապարտություն՝ սահմանելով փորձաշրջան:
* Լուսանկարում պատկերված են նյութի հետ առնչություն չունեցող անձինք: