Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Անուշավան Մաճկալյանի գործի դատավարությունը:
Ըստ դատավճռի՝ 24-ամյա Անուշավան Մաճկալյանը 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի գյուղերից մեկի հանդամասում, օգտվելով այդ գյուղի բնակչուհի, 14 տարին չբոլորած՝ 1999 թվականի ապրիլի 21-ին ծնված աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Անուշավան Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել անչափահասի բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով:
Անուշավան Մաճկալյանն ամուսնացած է, երկու մանկահասակ երեխայի հայր: Վերջին ամիսներին նա ընտանիքի հետ բնակվել է մարզի մեկ այլ գյուղում:
Տուժող աղջկա ընտանիքի հետ շփվել է մոտ մեկուկես տարի:
Ըստ աղջկա մոր՝ 2012 թվականի սկզբներին Անուշավանը հարցրել է, թե քանի տարեկան է իր փոքր աղջիկը: Ինքն ասել է՝ 12: Ինքը երեք աղջիկ ու մեկ տղա ունի, տուժող Է.-ն իր փոքր աղջիկն է: Անուշավանն ընկերություն է արել իր ավագ դստեր հետ:
Աղջկա մոր ցուցմունքի համաձայն՝ 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 16-ի սահմաններում Անուշավանը գնացել է նրանց տուն, հետը տնական օղի է տարել: Միասին հաց են կերել: Անուշավանը խմել է 4-5 բաժակ օղի:
Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Անուշավանի և ընտանիքի հոր ծխախոտը վերջացել է: Անուշավանը զանգել է ծանոթ տաքսու վարորդի, խնդրել է, որ նա գյուղի մոտով անցնելիս իր համար ծխախոտ բերի:
Մոտ տասը րոպե անց Անուշավանը ցանկացել է գնալ ծխախոտը վերցնելու: Չի ուզեցել մենակ գնալ, հարցրել է, թե հյուրընկալ ընտանիքի անդամներից ո՞վ իրեն կընկերակցի:
Ոչ ոք չի ցանկացել, և ընկերակից է դարձել ընտանիքի փոքր աղջիկը:
Երեխայի հայրն ու մայրը դա, ըստ երևույթին, շատ հանգիստ են ընդունել, նրանք թույլ են տվել, որ 13 տարեկան աղջիկը ժամը 22-ի սահմաններում 4-5 բաժակ օղի խմած երիտասարդի հետ դուրս գա տնից, հանդամասերով գնա դեպի գյուղի մոտով անցնող ասֆալտապատ ճանապարհը, որպեսզի այդ կողմնակի երիտասարդը ինչ-որ տաքսու վարորդից ծխախոտ վերցնի:
Այնուամենայնիվ, այդ ընտանիքում գիտեին, որ իրենց տնից մինչև ասֆալտապատ ճանապարհ հասնելն ու վերադառնալը տևում է 30 րոպե: Երբ 40 րոպե անց աղջիկն ու հյուրը չեն վերադարձել, աղջկա ավագ քույրն անհանգստացել ու գնացել է նրանց հետևից:
Ըստ այս վկայի ցուցմունքի՝ երբ տնից մոտ 200 մետր հեռացել է, լսել է Անուշավանի ու քրոջ ձայները: Ենթադրել է, թե նրանք հետ են գալիս: Բայց ձայները կտրվել են:
Քիչ անց լսվել է քրոջ բարձր ձայնը, որ ասել է՝ մի արա, պետք չի:
Ավագ քույրը գնացել է ձայնի ուղղությամբ: Քանի որ արդեն մութ է եղել, նա հեռախոսով լուսավորել ու տեսել է, որ քույրը պառկած է, իսկ Անուշավանն էլ առանց տաբատի ու վարտիքի…
Ավագ քույրը մի քանի անգամ ապտակել է Անուշավանին, մի անգամ էլ ապտակել է արտասվող քրոջը:
Հետաքրքիրն այն է, որ Անուշավանը նորից գնացել է նրանց տուն: Ավագ քույրը ծնողներին ասել է, որ Անուշավանը բռնաբարել է Է.-ին: Մի քանի րոպե անց Անուշավանը հեռացել է նրանց տնից:
Մայրն ու ավագ քույրը ստուգել են Է.-ի սպիտակեղենը, համոզվել, որ քիչ առաջվա հյուրը աղջկան բռնաբարել է: Ավագ քույրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին:
Այնուհետև նա ներկայացել է ոստիկանության բաժին ու տվել հաղորդում:
Աղջկա մոր ցուցմունքով՝ տուժող Է.-ն դպրոց չի գնում: Նա գրել-կարդալ չգիտի, չափավոր մտավոր հետամնացություն ունի: Բռնաբարությունից հետո նրա վիճակը վատացել է:
Մայրը դատարանում ասել է, թե Անուշավանն ավելի քան մեկ տարի շփվել է իրենց ընտանիքի հետ, նրան հարազատի նման են ընդունել, իր մտքով չէր անցնի, որ նա այդպիսի արարք թույլ կտա հիվանդ երեխայի նկատմամբ:
Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է, խախտումն էլ նոր է:
Անուշավան Մաճկալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքով նա նկարագրել է, թե ինչպես է գնացել տուժող աղջկա տուն, ինչպես է այնտեղ հաց կերել ու ալկոհոլ օգտագործել, հետո երեխայի հետ դուրս է եկել ծխախոտ վերցնելու:
Այստեղ արդեն Անուշավանի պատմությունը այլ երանգավորում է ստանում:
Ըստ նրա՝ 13 տարեկան աղջիկն է նախաձեռնողը եղել, ոչ էլ դիմադրել է, այլ ասել է՝ լավ է…
Ըստ Անուշավանի՝ աղջկա ավագ քույրը տեսել է իրենց, հարվածել իր ծոծրակին, հետո ապտակներ հասցրել, գոռգոռացել, մի քանի ապտակ էլ փոքր քրոջն է հասցրել: Ինքը գնացել է նրանց տուն, ասել, թե Է.-ի կամքին հակառակ ինքը ոչինչ չի արել, հետո գնացել է իր տուն, բայց գիշերը բերման է ենթարկվել ոստիկանություն…
Վերջին շրջանում հաճախացել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը: Դրանց մասին գրելը պետք է՝ ոչ միայն տեղեկատվություն տալու իմաստով, այլև այս երևույթի հաճախացման վերաբերյալ ահազանգելու համար:
Անչափահասների նկատմամբ թույլ է ընտանիքների հսկողությունը: Նրանց նկատմամբ մեծացել է այլասերված չափահասների հետաքրքրությունը: Երեխաներին նման չափահասներին որպես զվարճանքի առարկա չտրամադրելու համար հարկավոր է ուշադիր լինել, հետևել, որ ուշ ժամին տանը լինեն, սեռական ճիշտ դաստիարակություն տալ, ամեն տեսակի մարդու սեփական հարկի տակ խմելու և հարբելու հնարավորություն չտալ, աչք չփակել երեխային սպառնացող վտանգների հանդեպ:
Անուշավան Մաճկալյանը արդեն մեկ անգամ դատվել էր: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նույն նախագահող դատավորի առաջ նա կանգնել էր 2012 թվականի հունվարի 25-ին:
Անուշավանը պայմանագրային զինծառայող էր եղել, խախտել էր զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ծեծի ենթարկել մի շարքային զինծառայողի:
Անուշավանը դատարանում ընդունել էր մեղքը, միջնորդել, որ քննության արագացված կարգ կիրառվի:
Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Անուշավանին ու դատապարտել 3 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելու:
Անուշավանը վերաքննիչ բողոք էր բերել: Նա խնդրել էր պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել փորձաշրջան:
Որպես հիմնավորում՝ Անուշավանը մի քանի կետ էր նշել. «Երիտասարդ եմ, բնութագրվում եմ դրական, ընդունել եմ մեղքը և զղջացել կատարածի համար, նախկինում արատավորված չեմ, ծառայում եմ բանակում, խնամքիս ունեմ երկու մանկահասակ երեխա ու չաշխատող կին… Բացի այդ, Նոյեմբերյանի քաղաքապետարանի կողմից բնութագրվում եմ դրականորեն, և քաղաքապետարանը միջնորդել է իմ նկատմամբ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ… Ընտանիքիս միակ կերակրողն եմ, ուստի անազատության մեջ լինելու դեպքում ընտանիքս կհայտնվի ծանր վիճակում, քանի որ երկրորդ երեխաս ծնվել է մեկ ամիս առաջ՝ 2012 թվականի հունվարի 18-ին, և դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալը նրանց համար առաջացրել է ծանր հետևանքներ»:
Ահա այս խնդրանքին վերաքննիչ քրեական դատարանն անսացել է, 2012 թվականի մարտի 20-ին բավարարել ամբաստանյալ Մաճկալյանի բողոքը, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նշանակել 1 տարի փորձաշրջան:
Այդ ժամանակից անցել է ընդամենը 5 ամիս: Ու Անուշավան Մաճկալյանը, գտնվելով փորձաշրջանի մեջ, 2012 թվականի օգոստոսի 31-ին կալանքի տակ է առնվել 13 տարեկան աղջկա բռնաբարության համար:
Նրան դրական բնութագրած ու նրա համար երաշխավորած քաղաքապետարանը իրադարձությունների այսպիսի զարգացման չէր սպասում, երևի: Ընդհանրապես, դրական բնութագիր տալը, դատարան միջնորդագրեր ներկայացնելը հիմա դարձել է բոլորին հասանելի, ձևական մի բան: Ոչ ոք չի մտածում, որ պատասխանատու է տված երաշխավորության կամ միջնորդագրի համար:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Անուշավան Մաճկալյանին մեղավոր ճանաչելով անչափահաս աղջկա բռնաբարության համար, 2013 թվականի մայիսի 8-ի դատավճռով նրան վերջին հաշվով դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: